Տնտեսական

Երանոսում եւ Ճամբարակում հացահատիկի բերքահավաքն ավարտվել է նվազագույն արդյունքներով

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում են անասնակերի  եւ հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։  Ինչպես տեղեկացրին Երանոսի եւ Ճամբարակի համայնքապետարաններից, ամբողջ հուլիսի եւ օգոստոսի առաջին տասնօրյակի դրությամբ բերքահավաքն ընթանում է նվազագույն արդյունքներով։   §Աշնանացան ցորենի արտերի 1 հեկտարից ստացվել է ընդամենը 4,5, գարու արտերի 1 հեկտարից՝ 2,5 ցենտներ բերք։ Երաշտի պատճառով արտերը չկարողացան ապահովել աճ ու բերքատվություն, որոշ արտեր էլ հնձման ենթակա չեղան։ Բայց առավել մտահոգող է անասնակերի վիճակը, քանի որ բնական ու ցանովի խոտհարքերում բերք գրեթե չկա։ Տնտեսությունները հավաքում են միայն այն, ինչ-որ հնարավոր է հավաքել, մնացած պակասը նրանք փորձում են լրացնել այլ տեղերից խոտ գնելով՝ մեկ հակ խոտի դիմաց վճարելով մինչեւ 2200 դրամ։ Թե ինչպես կհաջողվի այս տարի ապահովել անասնագլխաքանակի ձմեռացումը, շատ դժվար է ասել¦,- նշեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը։

Պատկերը գրեթե նույնն  է Ճամբարակ խոշորացված համայնքում։ §Աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարից ստացվել է 5-10 ցենտներ, դրանից ավելի քիչ արդյունք էլ ապահովել են գարու արտերը։ Շատ տարածքներ էլ հնձման ենթակա չեն եղել։ Ավարտին է մոտենում նաեւ անասնակերի բերքահավաքը՝ դարձյալ նվազագույն արդյունքներով։ Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ մեր անասնապահական տնտեսությունները ձմեռացմանը պատրաստ կլինեն մոտ 30-40 տոկոսով։ Պակասը լրացնելու համար խոտը բերվում է այլ մարզերից, թանկ գներով․ մեկ հակ խոտը վաճառվում է 1700-2000 դրամով։ Հավանաբար, անասունները կենթարկվեն հարկադիր մորթի, անասնագլխաքանակի պահպանումն ու ավելացումը դժվար հարց կլինի¦,- ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան

Share