Բաժին. Տնտեսական

Հայաստանում կներդրվի ընդերքօգտագործման ոլորտի ավելի արդարացի հարկման համակարգ

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Առաջարկվող կարգավորման նպատակը համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ առաջարկվող բարեփոխմամբ կներդրվի ընդերքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների արդարացի վերաբաշխման հայեցակարգ: Մասնավորապես, առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների 2 տոկոսն ուղղել տվյալ ազդակիր համայնքներին, և ընդ որում, խոսքը ոչ թե նոր 2 տոկոսի մասին է, այլ արդեն վճարված 2 տոկոսից մասհանման: Նախարարի գնահատմամբ՝ այս ոչ մեծ ծավալի գումարների վերաբաշխումը նպատակ ունի ներմուծել միջազգայնորեն լայն կիրառվող մշակույթ, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ այն համայնքներում, որտեղ աշխարհագրորեն առկա են բացառապես բնական ռեսուրսներ, հնարավոր է զարգացնել ընդերքօգտագործման միայն այդ ուղղությունները, և համայնքները կրում են այդ գործունեության ազդեցությունը, ինչով պայմանավորված էլ համայնքային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն է առաջանում: Ուստի համայնքին հնարավորություն է տրվում տրամադրված գումարներն ամեն տարի ուղղել որևէ առանձին ծրագրի: Նախագծով նախատեսվում է նաև ավագանու դերի մեծացում, քանի որ մասհանմամբ իրականացվող ծրագիրը հաստատվելու է ավագանու կողմից, ինչը, նախարարի խոսքով, կբարձրացնի գումարները ծախսելու հասցեականությունը և այնպես չէ, որ այդ եկամուտները կարող են ուղղվել, օրինակ, համայնքապետի աշխատասենյակի վերանորոգմանը: Հաշվետվությունը պետք է հրապարակվի ՏԻՄ և մարզպետարանի կայքէջերում՝ ապահովելով հաշվետվողականություն և թափանցիկություն:

Փոխվարչապետը նշել է, որ նախագծի ընդունմամբ ևս մեկ գործնական քայլ է կատարվելու Հայաստանում տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ. ինստիտուցիոնալ հենքով կարգավորում է տրվելու, և համայնքն ունենալու է տեսանելի եկամուտներ, որոնք ուղղվելու են համայնքի զարգացմանը:

Share