Բաժին. Տնտեսական

Քննարկվել է Հայաստանի թվային օրակարգի ռազմավարության իրականացման ընթացքը

Այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ:

Թվայնացման փորձագիտական խմբի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացրել է խորհրդի գործունեության 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքը. քննարկվել են շուրջ 25 ծրագրային և ռազմավարական փաստաթղթեր: Շարունակական աշխատանք է տարվում թվային նույնականացման, պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համակարգերի, էլեկտրոնային լիցենզիաների, անհատական և հրապարակային ծանուցումների, էլեկտրոնային արդադատության միասնական համակարգերի ներդրման և թվային օրակարգի մի շարք այլ ուղղություններով: Վերանայվել և բարելավվել են 101 ծառայության բիզնես գործընթացները, մի շարք պետական մարմիններում փորձնական գործարկվել է քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման hամակարգը: Ս. Քրմոյանի խոսքով՝ Covid-19-ով պայմանավորված՝ Հայաստանում էականորեն աճել է էլեկտրոնային ծառայությունների կիրառման մակարդակը:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, քննարկվել են առաջիկա անելիքները: Արծարծվել են պետական ծառայությունների մատուցման միասնական քաղաքականության իրականացմանը, բիզնես գործընթացների պարզեցմանը, էլեկտրոնային համակարգերի և հարթակների փոխգործելիության ապահովմանը, թվայնացման մակարդակի շոշափելիությանը, հանրային իրազեկման կարևորությանը վերաբերող հարցեր:

Հանձնարարվել է պատասխանատուներին ներկայացնել վիճակագրական վերլուծություն, որը թույլ կտա գնահատել գործող թվային ծառայությունների արդյունավետությունը:

Share