Տնտեսական

Սևանա լճում սիգի որսի ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը, 50 տոննայով ավելացվեց չափաքանակը

Կառավարությունը փոփոխություններ կատարեց իր երկու որոշումներում, որոնք վերաբերում են Սևանա լճից ձկան արդյունահանմանը:

Շրջակա միջավայրի նախարաը նշեց, որ այս փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից։

«2021 թվականին Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2021-ի մայիսի 14-ից, կնքվել է 303 պայմանագիր 221 164 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար, որսն իրականացնելու համար սահմանվել և կահավորվել են 25 կետեր, փաստացի որսն իրականացվել է 19 կետերում։ Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի սեպտեմբերի 1-ը:

Սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել: Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ ևս առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա), ինչը, եղանակային պայմանների պատճառով, պայմանագիր կնքած ձկնորսները չեն հասցրել որսալ մինչև սեպտեմբերի 1-ը»:

Պատկան գերատեսչության ղեկավարի խոսքով՝ արդյունագործական որսի կազմակերպման և իրականացման ընթացքում աշխատանքային կարգով շարունակական քննարկումներ են կայացել փոխհամաձայնեցված տարբերակի որոշման ուղղությամբ։
Քննարկումների արդյունքում առաջարկվել է որսի ժամկետները սեպտեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունների, ինչպես նաև առկա սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը և պայմանագրերի գործունեության ժամկետները։

Այսպիսով, Սևանա լճում սիգի որսի ժամկետը երկարաձգվում է մինչև հոկտեմբերի 15-ը և 50 տոննայով ավելացվում է չափաքանակը:

Share