Տնտեսական

ՊԵԿ. Մաքսային գործընթացներն ամբողջությամբ կթվայնացվեն

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով համագործակցություն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Ձևավորված աշխատանքային խումբն արդեն սկսել է ուսումնասիրել ներկայում գործող մաքսային գործընթացները, առկա խնդիրները, դիտարկել դրանք լուծելու վերաբերյալ ՊԵԿ տեսլականը և կատարել կարիքների գնահատում։ 

Խմբում ներգրավված միջազգային փորձագետի հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտնել է, որ կոմիտեն շարժվում է մաքսային գործընթացների թվայնացման ճանապարհով։ Բոլոր նախագծերի ավարտին ակնկալվում է ունենալ ամբողջովին նոր մաքսային ծառայություն: Այսինքն՝ ապրանքը մաքսազերծելիս տնտեսվարողը կամ նրա ներկայացուցիչն այլևս մաքսային ծառայողների հետ անմիջական շփում չեն ունենալու թղթաբանությանն ու մաքսատուն այցելություններին փոխարինելու են առցանց գործընթացները։ 

Նախատեսվում է, որ կարիքների և միջազգային փորձի վերլուծության հիման վրա ՎԶԵԲ գործընկերները կառաջարկեն մաքսային գործընթացների թվայնացման լավագույն մոդելը։

Նախագծի ավարտին կմշակվի բարեփոխումների ռազմավարությունը ֆինանսական հիմնավորումներով ամփոփող փաստաթուղթ։

Share