Բաժին. Տնտեսական

ՀԱԷԿ-ի մասնագետները յուրացնում են Բալակովոյի ԱԷԿ-ի փորձը՝ անձնակազմի պատրաստման ոլորտում

2021 թվականի սեպտեմբերի 6-ից 11-ը ԱԷԿ-երը շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի Մոսկովյան կենտրոնի (ՇՀԿԱ ՄԿ) աջակցությամբ Հայկական ԱԷԿ-ի ուսումնա-մարզական բաժնի մասնագետներն այցելեցին Բալակովոյի ատոմակայան: Միջազգային այցը նվիրված էր կադրերի պատրաստման ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը:

Հինգօրյա հանդիպման ընթացքում Բալակովոյի ԱԷԿ-ի ուսումնա-մարզական կենտրոնի (ՈՒՄԿ) աշխատակիցներն իրենց հայ գործընկերներին ծանոթացրին անձնակազմի վերապատրաստման և որակավորման պահպանման համակարգին, դասերի թեմաներին և լսարանների և լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանը:

«Մեր ուսումնա-մարզական կենտրոնը, որը ստեղծվել է 1987 թվականին, մասնագիտական ​​կրթության լիարժեք հաստատություն է», – ասում է Բալակովոյի ԱԷԿ-ի ուսումնական կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Նեգոդյաևը: – Կենտրոնի բոլոր հրահանգիչները բարձրագույն կրթությամբ և ատոմակայանում աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ են: Կենտրոնի կառուցվածքում են անձնակազմի վերապատրաստման մի քանի ստորաբաժանումներ, ուսումնամեթոդական աջակցության բաժին, ուսուցման և սպասարկման կազմակերպում: Կենտրոնի հրահանգիչները մշակում են ոչ միայն ուսումնական նյութեր, այլև կայանի աշխատակիցների մասնագիտական ​​զարգացման ռազմավարություն: Միայն անցյալ տարի որակավորման պահպանման ծրագրով վերապատրաստվել է 2 252 մարդ, իսկ որակավորումը բարձրացնելու համար ՝ 2100 մասնագետ»:

Հայաստանի փորձագետները ծանոթացան Բալակովոյի ԱԷԿ -ի՝ կադրերի սխալները կանխելու, ատոմակայանի անվտանգ աշխատանքի համար կրիտիկական գիտելիքներ պահպանելու պրակտիկաներին: Նրանք մասնակցեցին նաև մի քանի գործնական պարապմունքների, որոնք անցկացվեցին լայնածավալ սիմուլյատորի` Բալակովոյի ԱԷԿ-ի նախատիպ-էներգաբլոկի թվային անալոգի վրա, դիտեցին կառավարման վահանակի հերթափոխերի դասընթացը` ըստ տարբեր ուսումնական սցենարների:

«Այս գաղափարը ծագեց դեռևս 2017 թվականին՝  մեր ատոմակայանում ՇՀԿԱ Մոսկովյան կենտրոնի տեխնիկական աջակցության առաքելության ժամանակ: Ուսումնական կենտրոնի գործունեության ուսումնասիրման նպատակով Բալակովոյի ատոմակայան այցելությունը ՇՀԿԱ-ի փորձագետների առաջարկություններից մեկն էր», – ընդգծեց Հայկական ԱԷԿ -ի ուսման տեխնիկական միջոցների գծով ուսումնա-մարզական ստորաբաժանման պետի տեղակալ Ահարոն Մանուկյանը: – «Մեր կայանում մենք ևս համակարգված աշխատանքներ ենք տանում անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ, և այն գործելակերպերը, որոնք մենք հանդիպեցինք այստեղ, շատ օգտակար կլինեն մեր աշխատանքը բարելավելու համար: Մեզ հատկապես հետաքրքրեց կրիտիկական ​​գիտելիքների պահպանման Բալակովոյի գործընկերների մեթոդաբանությունը»:

Ռոսատոմը` գլոբալ տեխնոլոգիական առաջատար է, աշխարհում ատոմային էներգիայի թիվ մեկ ընկերությունը, որը գործում է ավելի քան հիսուն երկրներում: Որպես միջուկային արդյունաբերության պիոներներից մեկը՝ «Ռոսատոմը» ավանդաբար գտնվել է միջազգային միջուկային շուկայի առաջատար դիրքում՝ ներառյալ ատոմակայանների կառուցում, հանքարդյունաբերություն և ուրանի հարստացում, միջուկային վառելիքի պատրաստում ու մատակարարում: Այսօր, 75 տարվա ընթացքում կուտակված եզակի իրավասությունների շնորհիվ, ընկերությունը նվաճում է նոր հեռանկարային նորարարական արտադրանքների շուկաները: Ջրածնի էներգիան, էներգիայի պահուստը, միջուկային բժշկությունը, քամու էներգիան, կոմպոզիտային նյութերը, նյութատեխնիկական բիզնեսը, բնապահպանական լուծումները. ավելի քան հարյուր նոր բիզնես ոլորտներ ընդհանուր առմամբ որոշում են Ռոսատոմի ներկա դիրքը առաջատար տեխնոլոգիական հսկաների շարքում: 

«Ռոսատոմ» պետկորպորացիան իր գործունեության մեջ կողմնորոշվում է կայունզարգացման միջազգային օրակարգով: Ռոսատոմը ծանրակշիռ ներդրում ունի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում, որպես ցածր ածխածնային էլեկտրաէներգիայի արտադրող ընկերություն, որը զարգացնում է միջուկային, ջրածնի և քամու էներգիան: Ռուսաստանի նախագծած ատոմակայանները տարեկան խնայում են ավելի քան 210 միլիոն տոննա ջերմոցային գազեր ՝ կլիմայի փոփոխության հիմնական պատճառը: 2021 թ-ին ընկերությունը թողարկեց կանաչ պարտատոմսերի առաջին խմբաքանակը: 2020 թվականից «Ռոսատոմ» պետկորպորացիան հանդիսանում է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի ցանցի անդամ:

Share