Տնտեսական

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 20 տարեկան է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 20-ամյակի առթիվ այսօր տեղի է ունեցել համաժողով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄՊՀ-ն:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ գոյության 20 տարիների ընթացքում հանձնաժողովը  կայացման կարևոր ճանապարհ է անցել, բարձրացել են անկախության երաշխիքները, մարմնի դերի և նշանակության կարևորությունը:

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ առաջիկա տարիներին մրցակցային քաղաքականությունը հիմնված է լինելու 4 կարևոր հենասյուների վրա՝ օրենսդրության կարգավորում, թվայնացում, մարդկային ռեսուրսների կառավարում և մրցակցության քարոզչություն:

«Այս տարիների ընթացքում մեծ բարեփոխումների են ենթարկվել ինստիտուտները: Այսօր չեք կարող տեսնել, որ շուկաներում կան արհեստական խոչընդոտներ, խնդիրներ, որոնք սահմանափակում են մրցակցությունը: Մենք հիմա անցել ենք դասական մրցակցային խնդիրների լուծմանը, ինչպես ամբողջ աշխարհում է, այսինքն՝ խնդիրներ, որոնք ստեղծվում են ոչ թե պետական ռեսուրսների կիրառմամբ, այլ տնտեսավարողների մրցակցության արդյունքում»,- ընդգծել է Գեղամ Գևորգյանը:

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Արման Շակկալիևը նշել է, որ այսօր Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությունը կարելի է համարել ամենարդյունավետներից մեկը ԵԱՏՄ համագործակցության շրջանակում՝ հավելելով, որ Հայաստանի մրցակցային մարմինը վաստակած հեղինակություն է վայելում ոչ միայն Միության անդամ պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների շրջանում, այդպես էլ միջազգային հարթակներում:

ՄՊՀ-ն ստեղծվել է 2001 թվականին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա՝ որպես տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական մարմին: Ներկայումս Հանձնաժողովն անկախության բարձր կարգավիճակ ունեցող ինքնավար մարմին է:

Share