Բաժին. Տնտեսական

4090 հիմնադրամ. 25 պատերազմի մասնակից երիտասարդ իր ուսումը կշարունակի ՀՀ և Արցախի տարբեր ԲՈՒՀ-երում

«4090 Բարեգործական» հիմնադրամը սեպտեմբերի 27-ին հավաստագրեր բաժանեց պատերազմի մասնակից իր առաջին շահառուներին։ 25 երիտասարդներ իրենց ուսումը կշարունակեն ՀՀ և Արցախի տարբեր ԲՈՒՀ-երում, ևս մեկ ուսանող իր ուսումնառությունը կշարունակի արտերկրում։

Ըստ հիմնադրամի տնօրեն Իրինա Փահլևանյանի, 2021-2022 ուստարվա համար հայտարարված մրցույթին դիմել էին քառօրյա և 44-օրյա պատերազմի մասնակիցներ տարբեր բնագավառներից, բայց շահառուների մեջ զգալի թիվ կազմում են ԵՊԲՀ-ի ուսանողներն այդ թվում նաև կլինիկական օրդինատուրայում սովորողները։ Ծրագիրը շարունակական է, և շահառուները կստանան աջակցություն մինչև ուսման ավարտը, եթե ապահովեն բարձր առաջադիմություն և կամավորական աշխատանք։ Հիմնադրամի տնօրենի խոսքերով, գործընթացը շատ թափանցիկ է, և հիմնադրամը փոխանցում է ուսման վճարն անմիջապես ուսումնական հաստատությանը՝ համաձայն ներկայացված փաստաթղթերի։

Հիշեցնենք, որ հիմնադրամի ստեղծման գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո և  նպատակն է ստեղծել ու ընձեռել միջին մասնագիտական և բարձրագույն կրթության և հետագա մասնագիտական զարգացման հնարավորություն պատերազմի մասնակից մեր հայորդիներին։

Դուք նույնպես կարող եք միանալ այս նախաձեռնությանը և օգնել պատերազմի մասնակիցներին հասնել իրենց նպատակին:

Share