Տնտեսական

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

«Արեգ էներգիա» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է կառուցել և շահագործել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Վայոց ձորի Զառիթափ համայնքի Սարավան գյուղում։

Արևային կայանի կառուցման և սարքավորումներով համալրման գործընթացը հիմնված է ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների վրա։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին։ Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 2.2 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 288 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 460 մլն դրամ։ Ներդրումների մոտ 89 տոկոսն արդեն իսկ կատարված է, այդ թվում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 76.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 7.2 դրամ:

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Ռոք բերի» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով Կոտայքի մարզի Կամարիս համայնքում նախատեսում է կառուցել և շահագործել 3 հա արտադրական տարածքով ջերմատնային տնտեսություն: Ջերմատանը նախատեսվում է աճեցնել ելակի բազմաբերք և միաբերք սորտեր: Ջերմատունը հագեցած է լինելու կաթիլային ոռոգման, ջեռուցման, մառախղլագոյացման, ստվերարկման և CO2 համակարգերով, ինչպես նաև կլիմայի կառավարման ավտոմատ համակարգով: Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 1.8 մլրդ դրամի ներդրում, որից 1.6 մլրդ դրամը՝ կապիտալ, իսկ մնացած մասը հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 65 նոր աշխատատեղ` մինչև 240,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 212 մլն դրամ:

Share