Բաժին. Տնտեսական

Հայաստանում առաջին անգամ անց է կացվում CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը

Նոյեմբերի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի կունենա CaseKey Business Case Competition 2021  մրցույթի Գալա միջոցառումը, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ Կոլբա լաբի «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» նախագծի շրջանակներում:

CaseKey Business Case-ը ձեռներեցության մրցույթ է ուսանողների և երիտասարդ մասնագետների միջև, որի նպատակն է խթանել հայկական բիզնես էկոհամակարգի և կրթական հաստատությունների համագործակցությունը և բացահայտել պայծառ ու կրեատիվ երիտասարդներին՝ պրակտիկ խնդիրներին լուծումներ գտնելու և հետագայում իրագործելու միջոցով։

7 ամիս տևողությամբ ծրագրին մասնակցել է շուրջ 110 երիտասարդ՝ ընտրված Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի շուրջ 300 դիմորդներից։ Ծրագրի ընթացքում նրանք սովորել են կիրառել իրենց ակադեմիական գիտելիքներն իրական բիզնես խնդիրների լուծման նպատակով։ Մասնակիցների խմբերին կցվել է 1 կամ 2 մարզիչ (քոուչ)՝ մասնակիցներին ուղղորդելու նպատակով։

Կրթական ծրագրի ավարտին թիմերը ստացել են գործող հայկական բիզնեսից իրական խնդիր, որի համար ունեցել են 72 ժամ իրենց լուծումները պատրաստելու և ներկայացնելու համար։ Ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ներկայացված լուծումներից ընտրելու է լավագույն 8 լուծումները ներկայացրած թիմերին, որոնք գալա միջոցառման ժամանակ պետք է պաշտպանեն իրենց լուծումները պրոֆեսիոնալ ժյուրիի ներկայությամբ։

Բացի ուսանողներից, ծրագրին մասնակցել են Հայաստանի բիզնես ոլորտը ներկայացնող 15 խոսնակ, 15 առաջատար կրթական հաստատություն և բազմաթիվ մասնավոր ընկերություններ տարբեր ոլորտներից։

Գալա միջոցառման հաղթող թիմը հնարավորություն կունենա առաջին անգամ ներկայացնել Հայաստանն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կայանալիք բիզնես գործերի միջազգային մրցույթում։

Միջոցառմանը ներկա կլինեն մի շարք ներկայացուցիչներ ինչպես Հայաստանի բիզնես և խորհրդատվական ոլորտից, այնպես էլ կրթական հաստատություններից։

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԲ նախագահ՝ Մարտին Գալստյանը։

Share