Բաժին. Տնտեսական

Sotheby’s աճուրդի տունը 2021թ.-ին արձանագրել է վաճառքների ռեկորդային ցուցանիշ՝ 7.3 մլրդ դոլար

Sotheby’s աճուրդի տունը հայտնել է, որ 2021թ.-ին արվեստի գործերի և կոլեկցիոն առարկաների վաճառքներից գոյացած միջոցների ծավալը կազմել է 7.3 մլրդ դոլար, ինչը 71%-ով գերազանցում է 2020թ.-ի ծավալները։ Սա աճուրդի տան 277-ամյա պատմության մեջ արձանագրված ամենամեծ ցուցանիշն է։ Աճուրդների ընթացքում գոյացած գումարը 6 մլրդ դոլար է, ևս 1.3 մլրդ դոլարի գործարք է իրականացվել ուղիղ վաճառքի միջոցով։

Մասնավորապես, ռեկորդային են եղել լյուքս դասի ապրանքների վաճառքները՝ թանկարժեք ժամացույցներ, պայուսակներ, գինիներ և այլն։ Sotheby’s Metaverse հարթակի հասույթը, որը զբաղված է NFT-ների վաճառքով, կազմել է 100 մլն դոլար։ Ամենամեծ հասույթն արձանագրվել է ժամանակակից արվեստի գործերի վաճառքից՝ 4.3 մլրդ դոլար։

Նշենք նաև, որ օրերս աճուրդի տունը հայտարարել է, որ մոտ ապագայում իրականացնելու է բաժնետոմսերի առաջնային տեղակայում (IPO) բորսայում։ Հիշեցնենք, որ աճուրդի տան ներկայիս սեփականատեր Պատրիկ Դրաին այն գնել է 2019թ.-ին՝ 3.7 մլրդ դոլարով։

Share