Տնտեսական

Պնդուկի արտահանումը գրեթե 74 միլիոն դոլար է բերել Վրաստանին

2021 թվականի օգոստոսի 1-ից Վրաստանից արտահանվել է 16,4 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է 73,8 միլիոն ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին ասվում է շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության տվյալների, անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ պնդուկի արտահանումն ավելացել է 4 հազար տոննայով (33 տոկոս), իսկ արժեքն ավելացել է 8,9 միլիոն դոլարով (14 տոկոս):

Վրացական պնդուկը ներմուծող երկրների թոփ-10-ում են. Իտալիան՝ 6590 տոննա, Գերմանիան՝ 3124 տոննա, Հայաստանը՝ 1076 տոննա, Չինաստանը՝ 780 տոննա, Իսպանիան՝ 446 տոննա, Չեխիան՝ 445 տոննա, Ռուսաստանը՝ 358 տոննա, Լեհաստանը՝ 337 տոննա, Լիտվան՝ 284 տոննա, Ուկրաինան՝ 278 տոննա:

Պնդուկի զանգվածային հավաքումը Վրաստանում սկսվել է օգոստոսին: Բերքահավաքն ավանդաբար առաջինն սկսել են երկրի հարավում՝ Սամեգրելոյում եւ Գուրիում, ավելի ուշ նրանց միացել են Կախեթը եւ մյուս այն տարածաշրջանները, որտեղ պնդուկ են աճեցնում:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, այս տարի պնդուկի բերքը բարձր որակի է: Ենթադրվում է հավաքել 65-70 հազար տոննա, որոնց արտահանական պոտենցիալը կազմում է 150 միլիոն դոլար:

Գյուղատնտեսության նախարարությունում նշում են, որ 2016 թվականից մարմարագույն մլակների եւ սնկային հիվանդությունների տարածման հետեւանքով պնդուկի արտադրությունը եւ դրա արտահանումն սկսել է կրճատվել եւ 2018 թվականին հասել նվազագույն 17 հազար տոննայի մակարդակի: 2020 եւ 2021 թվականներին բարձրորակ եւ առատ բերք ստանալ է հաջողվել վնասատուների ոչնչացման ուղղությամբ տարված ակտիվ եւ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ, հաղորդել է Sputnik-ը:

Share