Վերջին չորս տարիներին Հայաստանից չրի, պահածոների և բուսական թեյերի արտահանումը կազմել է շուրջ 100 մլն եվրո, որի 20%-ը բաժին է ընկել «Առևտրի համար պատրաստ» ծրագրում ներգրավված ընկերություններին։ Հատկանշական է, որ այս ընկերությունների մոտ նշված ժամանակահատվածում արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 45%-ն իրականացվել է վերջին մեկ տարվա ընթացքում, ինչը վկայում է ծավալների առաջանցիկ տեմպի մասին: «Առևտրի համար պատրաստ» ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակում։
2020-2021 թթ․-ին արտահանման աճ գրանցել է ծրագրում ներգրավված ընկերությունների մոտ երկու երրորդը։ 40-%-ի մոտ արտահանումն աճել է դեպի ԵՄ երկրներ՝ հիմնականում Գերմանիա, Ֆրանսիա, Չեխիա, Իսպանիա, Բելգիա, ինչպես նաև Միացյալ Թագավորություն։
Անխոս, արտահանման մեջ հաջողությունների հասնելը լուրջ աշխատանք է պահանջում՝ նպատակային շուկաների պահանջների իմացություն, սննդի անվտանգության չափանիշների ներդրում և հավաստագրերի ձեռքբերում, ապրանքի մրցունակ որակ, բրենդինգ և փաթեթավորում, ինչպես նաև գործընկերային կապերի հաստատման հմտություններ։ Այս գործում առանցքային դեր ունի նաև միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը։ 2017 թ․-ից ի վեր սննդի վերամշակման ոլորտում գործող ավելի քան 16 ընկերություններ «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում մասնակցել են 5 միջազգային ցուցահանդեսների՝ այդ թվում համավարակի սկսելուց հետո Եվրոպայում կայացած սննդի և ըմպելիքների ամենամեծ ցուցահանդեսին՝ «Անուգա 2021»-ին։ Արդյունքում նրանք ձեռք են բերել բազմաթիվ գործընկերային կապեր և կնքել մի շարք արտահանման գործարքներ։
Միջազգային առաջատար շուկաներ արտահանելու համար առաջնային է, որպեսզի արտադրանքը համապատասխան լինի սննդի անվտանգության միջազգային նորմերին ու չափանիշներին։ Ներկայումս Հայաստանում ավելի քան երկու հարյուր ընկերություն արդեն իսկ ներդրել է ISO 22000։2018թ․ չափորոշիչին համապատասխան կառավարման համակարգ։ ISO 22000։2018թ․ սերտիֆիկատը հավաստում է, որ սննդամթերքի արտադրությունը կազմակերպվել է պատշաճ եղանակով և թույլ է տալիս դիտարկել կազմակերպությանը որպես վստահելի գործընկեր դեռևս բանակցությունների փուլում: «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում տասը ընկերություններ ներդրել են ISO 22000:2018 և ՎՎՀԿԿ (վտանգների վերլուծության և սահմանված կրիտիկական կետեր, HACCP) համակարգ։
Արտահանման համար առանցքային է նաև ունենալ հմտորեն մշակված մարքեթինգային փաթեթ, ինչը կերաշխավորի արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում։ Սա ներառում է արտաքին շուկաների համար գրավիչ բրենդինգ և փաթեթավորում, էլեկտրոնային առևտրի կազմակերպում, մրցունակ կայք, ինչպես նաև մարքեթինգային հմտությունների շարունակական զարգացում ի թիվս այլ գործիքների։ Ծրագրի շրջանակում ութ ընկերություններ ձեռք են բերել նոր բրենդինգ և փաթեթավորում, ինչպես նաև մրցունակ կայքեր, ինչը գործընկերների հետ կապերի հաստատման և պահպանման կարևորագույն այցեքարտ է։
Յուրաքանչյուր ոլորտի համար ընտրվել և ներգրավվել են առաջատար միջազգային փորձագետներ։ Նրանք երեք տարի անընդմեջ Հայաստանում, արտերկրում, ինչպես նաև հեռահար խորհրդատվությունների միջոցով օգնել են ծրագրում ներգրավված ընկերություններին բարելավել արտադրական և մարքեթինգային կարողությունները։ Արդյունքում, ձեռնարկությունները համապատասխանեցրել են իրենց արտադրական տեխնոլոգիաները միջազգային լավագույն չափանիշներին և ընդլայնել են արտադրատեսականին։
Սննդի վերամշակմամբ զբաղվող ընկերություններից բացի տեքստիլ և նորաձևության ոլորտներում ներգրավված 20 ձեռնարկություններ ևս ծրագրի շրջանակում բարելավել են արտահանման կարողությունները՝ մասնակցելով ոլորտի առաջատար մասնագետների դասընթացներին։
Ձեռնարկված քայլերի արդյունքում հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններն ավելի մրցունակ են դառնում ու բարելավում են արտահանման ներուժը, իսկ միջազգային գնորդները հայկական արտադրանքի միջոցով բացահայտում են Հա