Բաժին. Տնտեսական

Բելառուսի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում սկսվել է միջուկային վառելիքի բեռնումը

2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Էներգետիկների մասնագիտական օրը, Բելառուսի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում (գլխավոր նախագծող և գլխավոր կապալառու՝ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ինժինիրինգային ստորաբաժանում) սկսվեց թարմ միջուկային վառելիքի բեռնումը։

Ժամը 10։11 միջուկային վառելիքով առաջին ջերմարտազատող արտադրանքը (ՋԱԱ) բեռնվել  է ռեակտորի ակտիվ գոտի: Ընդհանուր առմամբ հաջորդաբար բեռնվելու են 163 ՋԱԱ: Վառելիքն արտադրվել է Նովոսիբիրսկի քիմիական խտանյութերի գործարանում (ПАО «НЗХК», Ռոսատոմի «ТВЭЛ» վառելիքային ընկերության ձեռնարկություն):

Վառելիքի բեռնման ավարտից հետո ռեակտորը կհասցվի հզորության նվազագույն կառավարելի մակարդակին (մինչև 1%)՝ համապատասխան ուսումնասիրությունների անցկացմամբ։ Էներգաբլոկի նախագծային պարամետրերում հուսալիությունն ու անվտանգությունը հաստատելուց հետո կսկսվի էներգետիկ մեկնարկի փուլը, որի ընթացքում էներգաբլոկն առաջին անգամ կներառվի Բելառուսի Հանրապետության էլեկտրացանցում:

«Ատոմային էներգաբլոկի կառուցման ամենահետաքրքիր, հուզիչ և պատասխանատու ժամանահատվածն է՝ հսկա շինարարական և մոնտաժային աշխատանքների ավարտից հետո դրա կարգաբերումն ու գործարկումն է։ Այս փուլում մեծ ծավալի բետոնը, տոննաներով մետաղական կոնստրուկցիաները, կիլոմետրերով մալուխներն ու խողովակաշարերը վերածվում են կենդանի օրգանիզմի, որը կգործի և մարդկանց օգուտ կբերի առնվազն 60 տարի։ Ֆիզիկական սկիզբը կարելի է համեմատել հիմնական օրգանի՝ այս օրգանիզմի սրտի ձևավորման և աշխատանքի սկզբի հետ։ Մաղթում եմ բոլորիս այս փուլի հաջող անցում», – ասել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի Ատոմային էներգիայի գծով առաջին տեղակալ, «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության նախագահ Ալեքսանդր Լոկշինը։

Ներկայում «Ռոսատոմ» պետկորպորցիան համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար և միակ ընկերությունն է աշխարհում, որն իրականացնում է ատոմակայանների սերիական շինարարություն արտասահմանում։ Ամբողջ աշխարհում կառուցվել է ռուսական նախագծով 106 ատոմակայան, այդ թվում՝ 80 էներգաբլոկ՝ ВВЭР տիպի ռեակտորներով։ Այսօր Ռոսատոմի միջազգային պատվերների պորտֆելը ներառում է 35 ВВЭР բլոկներ 12 երկրներում իրականացման տարբեր փուլերում:

Բելառուսի ԱԷԿ-ը՝ 2400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու ВВЭР-1200 ռեակտորներով, կառուցվում է Օստրովեցում (Բելառուսի Հանրապետություն)։ Բելառուսի առաջին ատոմակայանի համար ընտրվել է ռուսական III+ սերնդի նախագիծ, որը լիովին համապատասխանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջազգային չափանիշներին և անվտանգության պահանջներին։ 2021 թվականի հունիսի 10-ին առևտրային շահագործման հանձնվեց Բելառուսի ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկը, որը դարձավ արտերկրում ռուսական տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված վերջին սերնդի III+ առաջին ատոմային էլեկտրակայանը։

Share