Տնտեսական

ՄՊՀ-ին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են ակցիաների կիրառման ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի դեկտեմբերի 23-ին կայացած հերթական նիստը վարել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նիստին ներկա են եղել նաև հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը, հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանը, հանձնաժողովի այլ աշխատակիցներ:

Ինչպես տեղեկացրին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, նիստի օրակարգում քննարկվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք մշակվել են ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտում հանձնաժողովի նախաձեռնած օրենսդրական բարեփոխումների շրջանակում:

«Նախագծերով կարգավորվել են  մի շարք հարցեր, այդ թվում՝ սահմանվել են ակցիայի հասկացությունը և տեսակները, զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, ներառյալ՝ ժամկետային սահմանափակումը, իրազեկմանը ներկայացվող պահանջները և այլն: Մասնավորապես սահմանվել է պահանջ, համաձայն որի զեղչ հայտարարելիս ակցիա իրականացնողը պետք է ապահովի զեղչի հրապարակման պահին նախորդող երկու ամիսների ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման ամենացածր գնի և զեղչված գնի միաժամանակյա  տեսանելիությունը: Մեկ այլ առաջարկվող կարգավորման համաձայն՝ ակցիայի հրապարակման պահին ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը պետք է վաճառվի զեղչի՝ հայտարարված ամենաբարձր  տոկոսով և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Share