Բաժին. Տնտեսական

2021թ. նոյեմբերի դրությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցել է 800 հազարից

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը նշեց, որ ունենք հիմնական շուկաներ, որտեղից առավել շատ զբոսաշրջիկներ են գալիս՝ Ռուսաստան, Իրան, ԱՄՆ (այստեղից՝ հիմնականում սփյուռքահայերն են գալիս), Գերմանիա, Վրաստան, Ֆրանսիա: Կան նաև պոտենցիալ համարվող շուկաներ՝ Ուկրաինա, ԱՄԷ, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Իտալիա: Պոտենցիալ երկրների ուղղությամբ սկսվել է մարքեթինգային արշավ, իրականացվել են ճանաչողական այցեր, իրենց ճանաչված պարբերականներում տպագարվել են Հայաստանի մասին պատմող հոդվածներ:

«Հիմնականում հոսք դեպի Հայաստան նկատվում է Ռուսաստանից ու Իրանից: Նրանց հետաքրքրության դաշտում պատմամշակութային վայրեր այցելություններն են, գաստրո ուղղությունը, արկածային զբոսաշրջությունը: Հետաքրքրությունը կապված է զբոսաշրջիկի ցանկության հետ»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Խոսելով ոլորտի առաջնահերթությունների օրակարգից՝ կոմիտի նախագահի առաջին տեղակալն առանձնացրեց զբոսաշրջության ոլորտի կարգավորմանն ուղղված նոր օրենքի նախագծի մշակումը: Արթուր Խաչատրյանը նշեց, որ մշակման բոլոր փուլերն անցել են, սպասվում է ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկում ու ընդունում: Նրա խոսքով, օրենքի նախագիծը ոչ միայն միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում է մշակվել, այլև Հայաստանն ունի պարտավորություններ ստանձնած ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի նկատմամբ:

«Օրենքը ոչ միայն հնարավորություն կտա ծառայությունների որակն ապահովել: Օրենքով նախատեսվում է զբոսաշրջային օբյեկտների ու սուբյեկտների գործունեության գրանցման համակարգ, ինչպես նաև կամավորության սկզբունքով որակավորում, որը հնարավորւթյուն կտա կայուն և մրցունակ ոլորտ ձևավորել: Նախատեսվում են նաև վերահսկողական մեխանիզմներ, որով շուկան ավելի կկարգավորվի», – ասաց Արթուր Խաչատրյանը:

2022 թվականին Զբոսաշրջության կոմիտեն շարունակելու է ակտիվ աշխատանքը ճանաչողական այցերի, զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է մասնակցություն Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում  կայանալիք զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներին:

Այս տարի Հայաստանը մասնակցություն է ունեցել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովին, այնտեղ Հայաստանն ընդգրկվել է գործադիր խորհրդի կազմում: Համաժողովի ընթացքում վերահաստատվեց, որ տարածշրջանային հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսին  Հայաստանում, ինչը լավ ազդակ է: Մոտ 40 պետության ներկայացուցիչներ կլինեն Հայաստանում:

Աննա Գզիրյան

Share