Տնտեսական

«Մրգային գինի» գրությամբ խմիչքներ այլևս չեն կարող արտահանվել ՌԴ

Բացի խաղողից այլ մրգային գինիները՝ գինի մակնշմամբ այլևս չեն կարող արտահանվել ռուսական շուկա, ՌԴ-ում հունվարի 1-ից գինի է կարող է կոչվել միայն խաղողից պատրաստվածը: Հայկական արտադրողների համար այսպիսով խնդիրներ են առաջանում, օրինակ Հայաստանում պատրաստվող նռան գինին ռուսական շուկայում խանութներում պետք է հայտնվի ոչ թե գինիների, այլ ավելի էժան ալկոհոլային ըմպելիքների շարքում՝ ընդ որում «պտղային ալկոհոլային արտադրանք» անվանմամբ: Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, նախատեսվում է սահմանել նռան գինու առանձին կատեգորիա, այսինքն` խմիչքի առանձին տեսակ, որը կարող է կոչվել «Գրանատուս»:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը ասաց. «Եթե մասնագիտորեն նայենք՝ իսկապես գինի կոչվում է այն խմիչքը, որը պատրաստվում է խաղողից: Սա է Ռուսաստանին ստիպում, որ օրենքի մեջ այդ փոփոխություններն անեն և միայն խաղողից պատրաստված խմիչքը համարեն գինի»:

Ըստ Մուրադյանի՝ Հայաստանում մոտ 6 մլն լիտր մրգային գինի է արտադրվում, որից 4.7 մլն լիտրն արտահանվում է, ընդ որում վերջին տարիներին այդ ծավալն ամեն տարի աճում է: Հայաստանից արտահանվող մրգային գինիների մոտ 80 տոկոսը հենց ռուսական շուկա է արտահանվում: Նռան գինին Հայաստանում հիմնականում պատրաստում են մաքուր նռից, բնական խմորումով, և այն, այսպես ասած, դարձել է ազգային խմիչք: Եվ համարել, թե դա ոչ բնական, արոմատացված խմիչք է, Մուրադյանն անթույլատրելի է համարում: «Դրա համար մենք արտադրողների հետ մտածում ենք ստեղծել նռան գինու առանձին կատեգորիա և այդ նոր կատեգորիայով շուկայահանել»,-ասաց նա՝ նկատելով, որ սակայն դրա համար ժամանակ է պետք:

Share