Տնտեսական

Կպարզեցվի ՓՄՁ գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը

Հավանության է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է ՓՄՁ գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ -ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները, ինչպես նաև նշված փոփոխությունը ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը։ Առաջարկվող փոփոխությունն ուղղված է մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես` վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակներում տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը:

Share