Տնտեսական

Վրաստանից մեղրի արտահանումն աճել է ութ անգամ

2021 թվականին Վրաստանն արտահանել է 657 հազար դոլար արժողությամբ 173 տոննա մեղր: Այդ մասին ասվում է երկրի գյուղատնտեսության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, արտահանման արժեքը 436 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին, իսկ արտահանման ծավալն ավելի է 696 տոկոսով: Արտահանված մթերքի 80 տոկոսից ավելին դուրս են հանել Եվրոպայի երկրներ: Վրացական մեղրը եվրոպական շուկան գրավել է 2016 թվականի դեկտեմբերից, երբ Եվրահանձնաժողովը դրական գնահատական է տվել Վրաստանի պետական վերահսկողության համակարգին եւ թույլատրել վրացական մեղրի ներմուծումը:

Արտադրանքը տարբեր պարամետրերով խիստ ստուգման է ենթարկվում նախ՝ հայրենիքում: Ներկայում վրացական մեղրի արտահանումն իրականացվում է ԵՄ-ի երկրներ, ԱՄՆ, Չինաստան եւ այլ երկրներ, ասվում է հաղորդագրության մեջ: 2020 թվականին Վրաստանից արտահանվել է 21,7 տոննա մեղր, ինչը 15,3 տոննայով (3,4 անգամ) ավելի է, քան 2019 թվականին: Վրացական մեղրը, չինականի եւ արգենտինականի համեմատությամբ, որոնց գինը երկու դոլար Է, բավականին թանկ է: Այն տարբերվում է իր համային որակներով, էկոլոգիական մաքրությամբ, եւ այդ մասին հիանալի գիտեն արտասահմանյան փորձագետները: Վրաստանում վրացական մեղրի մեկ կիլոգրամի մանրածախ գինը կազմում է 20 լարի: Հանդիպում է միաբույս մեղր, ալպյան գոտու մեղր, որը թանկարժեք մթերք է, հաղորդել է Sputnik-ը:

Share