Տնտեսական

Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ էներգետիկական դաշինք է ձեւավորվել

Մոսկվայի եւ Պեկինի միջեւ համագործակցությունը կրում է խորը եւ բազմակողմ բնույթ: Այդ մասին հայտարարել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը: Առանձին նա նշել է էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ էներգետիկ հումքի վերամշակման ուղղությամբ աշխատանքը:

«Դա մեզ հիմք է տալիս խոսելու, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ արդեն ձեւավորվել է յուրատեսակ դաշինք»,-ընդգծել է դիվանագետը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

Դենիսովն Էներգետիկան համարել է «երկկողմ համագործակցության հիմքը նյութական ոլորտում», կանխատեսել է Չինաստանում ռուսական բնական գազի բարձր մակարդակի պահպանում, ինչպես նաեւ պատմել է, որ այժմ կողմերն ակտիվորեն քննարկում են նոր նախագծերը երկնագույն վառելիքի մատակարարման ոլորտում:

Հունվարի սկզբին «Նովատէկ»-ը չինական Zhejiang Energy-ի հետ 15 տարով պայմանագիր է ստորագրել «Արկտիկ ՀԲԳ 2»-ի արտադրության տարեկան մինչեւ 1 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) մատակարարելու շուրջ:

«Գազպրոմ»-ը գազը Չինաստան մատակարարում է «Սիբիրի ուժը» խողովակաշարով: Դրա առաջին տեղամասը, որը մոտավորապես 2200 կիլոմետր երկարությամբ ձգվում է Յակուտրիայի Չայանդինի հանքավայրից մինչեւ Բլագովեշչենսկ (Չինաստանի հետ սահման), գործարկել են 2019 թվականի վերջին, իսկ երկրորդը, որը գրեթե 800 կիլոմետր երկարությամբ ձգվում է Կովիկիտինի հանքավայրից մինչեւ Չայանդինի հանքավայր, պլանավորվում է շահագործման հանձնել 2023 թվականի սկզբին:

Չինական CNPC-ի հետ պարտավորագրի պայմանների համաձայն, մատակարարումների ծավալը մինչեւ 2025 թվականը պետք է ամեն տարի ավելացվի մինչեւ 38 միլիարդ խորանարդ մետր նախածային հզորության հասնելը:

Պեկինի տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով աճել է 35,8 տոկոսով եւ կազմել ռեկորդային 146,887 միլիարդ դոլար: Չինական արտահանումը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել է 33,8 տոկոսով՝ տարեկան արտահայտությամբ մինչեւ 67,565 միլիարդ դոլար, Ռուսաստանից ՉԺՀ մատակարարումները՝ 37,5 տոկոսով կազմելով 79,322 միլիարդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share