Տնտեսական

Մշակող արդյունաբերությունում կստեղծվեն մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները

Մշակող արդյունաբերության փոքր ու միջին ձեռնարկությունների նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև անհրաժեշտ հումքային բազայի ստեղծման և զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում։ Հիմնավորման համաձայն՝ գործող ընկերություններից շատերը աշխատում են հնամաշ, ցածր արտադրողականություն ունեցող և էներգատար հաստոցներով, մինչդեռ կառավարության ծրագրով ամրագրվել է աշխատանքի արտադրողականության բարձրացման զգալիորեն ավելի բարձր թիրախային ցուցանիշ։ Ներկայումս Հայաստանում վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով հումքի ձեռք բերումը մատչելի դառնալու դեպքում մշակող արդյունաբերության արտադրության ծավալները կաճեն, և համապատասխան արտադրատեսակների գծով կավելանան պետբյուջեի եկամուտները։ Որոշմամբ առաջարկվում է տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև հումքի գնման կամ ներկրման հնարավորության ընձեռնում, որը նախադրյալներ կստեղծի տեղական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու համար: Նախնական գնահատականի համաձայն՝ ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ կպահանջվի մոտ 56 մլրդ ՀՀ դրամ՝ նախատեսվող 6-7 տարիների համար։ Արդյունքում առաջիկա 2 տարիների համար ակնկալվում է մոտ 100 մլրդ ՀՀ դրամի չափով կապիտալ ներդրումներ երկրի տնտեսության մեջ սարքավորումների տեսքով, ինչպես նաև համապատասխան ոլորտներում արտադրողականության մինչև 60 տոկոս աճ։ Արտոնության առկայության պարագայում կանխատեսվում է տարեկան առնվազն 5 խոշոր ներդրումային ծրագրերի հաստատում` ռազմավարական ոլորտներում: Նշված ներդրումները աշխատատեղերի ստեղծումից ու արտահանելի նոր արտադրանքի զարգացումից բացի, կբերի նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ` իր շուրջ ձևավորելով իրեն սպասարկող ՓՄՁ էկոհամակարգ։ Ծրագիրը կծառայի որպես ՀՀ ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնելուն միտված ևս մի հավելյալ գործիք։ Ծրագրով նաև նախատեսվում է, որ շահառուները պարտավորվեն բարձրացնել իրենց գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Մասնավորապես, կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում կատարած և արտոնությունից օգտվող տնտեսավարողները վարկի/լիզինգի պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև «Մեծ Քառյակ» աուդիտորական ընկերությունների կողմից աուդիտի եզրակացություն: Ըստ այդմ՝ էականորեն կլավարկի գործող ընկերությունների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ինչպես նաև կբարձրացնի նրանց արտադրողականությունը։

Share