Տնտեսական

Մհեր Գրիգորյան. Գազի սակագինը անապահով ընտանիքների համար չի բարձրանա

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատում է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինն այս տարի չի բարձրանա, իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դրա շրջանակում գազի մատակարարման սակագների շուրջ քննարկումներ են ընթանում:

«Այս պահին միայն կարող եմ վստահաբար ասել, որ անապահովների համար գազի սակագինը չի թանկանալու: Այդ հնարավորությունը կա, քանի որ սահմանին գազի գինը 2022-ի համար չի փոփոխվելու: Ուղղակի մենք ունենք մի իրավիճակ, որ դեռս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկսվում է 2022 թվականին: Բանաձևի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացում է կալորիականությունից ելնելով»,-ասաց փոխվարչապետը:

Գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչներից, որոնցից մեկը և կարևորը սահմանին գինն է: «Կալորիականության հաշվին պոտենցիալ հնարավոր հավելյալ ծախսն այնքան մեծ չէ, որ հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ»,-վստահեցրեց Գրիգորյանը:

Իսկ, թե բիզնեսի համար ինչ սակագին կսահմանվի, փոխվարչապետն առաջարկեց սպասել, տեսնել, թե ՀԾԿՀ-ի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի: Սակայն նա կարծում է, որ սահմանին գազի գնի և աշխարհում գազի գնի տարբերությունն այնքան մեծ է, որ պետք է, որ մրցակցային որևէ շոկ չլինի հայկական արտադրողի համար: «Գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողները, այլ նաև մեր տարածաշրջանի գազ սպառող արտադրողները: Բոլորի համար գազի գինը թանկացել է, կան երկրները, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան պոտենցիալ կարող է թանկանալ ՀՀ-ում բիզնեսների համար: Չեմ կարծում, որ դա մրցակցային շոկային ազդեցություն կունենա մեր այն բիզնեսի համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլեկտրաէներգիա»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ում գազի գնի հետ կապված հարցին՝ նա ասաց, որ միասնական շուկայի կանոնը ուժի մեջ է մտնում 2024 թվականից: Փոխվարչապետը կարևորեց երկու բաղադրիչ՝ գազի ինքնարժեքը և տրանսպորտը, դրա գինը: Ըստ նրա՝ վերջինը շատ ավելի բարդ քննարկումների առարկա է: Այդ մասով քննարկումները ԵԱՏՄ-ում դեռևս շարունակվում են: Փոխվարչապետը հույս ունի, որ ինչ-որ միասնական մոդելի հնարավոր կլինի գալ: «Գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա,  բարդ չի լինելու այդ կոնսենսուսին գալ, բայց գազի տրանսպորտի, այսինքն մատակարարման սակագների շուրջ բանավեճեր, քննարկումներ գնում են: Հուսով եմ, որ ԵԱՏՄ-ում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ»,-ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ: Ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:

Share