Տնտեսական

Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը

Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում անցկացվել է Հայաստանի ազգային օրը։ Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։

Ողջունելով հյուրերին՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ այն վկայում է երկու երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների մասին։ 

Նա վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը նոր հաջողություններ և համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի մասնակից երկրների համար, քանի որ հատկապես հիմա այս խոշորագույն ցուցահանդեսը հիանալի հարթակ է միանալու ավելի կայուն ապագա կերտելու գլոբալ քննարկումներին։ 

Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարությունների, արհեստական բանականության և մի շարք այլ ոլորտներում՝ մատնանշելով այն մեծ ինտելեկտուալ ռեսուրսը, որ ունի Հայաստանը տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում։ Իր խոսքում նա գերազանց է գնահատել Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսում։ 

Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ։ Մշակութային երեկոն բացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը բազմաթիվ հյուրերի և տարբեր երկրներից ժամանած ցուցահանդեսի այցելուների համար փայլուն ներկայացրել է «Խաչատուրյան ջազ» համերգային ծրագիրը։

Հայկական երաժշտությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել բազմազգ հանդիսատեսի կողմից։ 

Share