Բաժին. Տնտեսական

Հումքի և պարենի համաշխարհային գները մեկ տարում աճել են 46%-ով

Նավթի, մետաղների, հացահատիկի եւ մյուս հիմնական հումքային եւ պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարի վերջի դրությամբ միջին հաշվով 46 տոկոսով աճել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Դա դարձել է դրանց ամենամեծ բարձրացումը 1995 թվականից ի վեր, փետրվարի 10-ին հաղորդել է ճապոնական Nikkei առաջատար տնտեսական թերթը՝ վկայակոչեով փորձագետների հաշվարկները, տեղեկացնում է Արմենպրեսը:

Գների աճը, կարծում է հրատարակությունը, մասամբ կապված է աշխարհում գործարար կոնյունկտուրայի բարելավման եւ սպառողական պահանջարկի կտրուկ աճի հետ՝ մի շարք առաջատար երկրներում համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին: Կարեւոր դեր են խաղում նաեւ անհանգստությունները մատակարարման հետ կապված հնարավոր ընդհատումների առիթով՝ մոլորակի մի շարք տարածաշրջաններում անկայուն իրադրության պատճառով: 22 հիմնական հումքային եւ պարենային ապրանքներից ինը մեկ տարում թանկացել է ավելի քան 50 տոկոսով:

Մասնավորապես, սուրճի գներն աճել են 91 տոկոսով, բամբակինը՝ 58 տոկոսով, ալյումինինը՝ 53 տոկոսով: Բնական գազն, ընդգծում է Nikkei-ը, թանկացել է Ուկրաինայի շուրջն իրադարձությունների խիստ ազդեցության ներքո: Գների աճը, նշում է թերթը, արգելակում է համաշխարհային տնտեսության ավելի վճռական վերականգնմանը, որին համավարակը ծանր հարվածներ հասցրեց: Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով՝ Էներգակիրների թանկությունը կարող է այս տարի մոլորակի վրա տնտեսական աճի տեմպերը նվազեցնել 0,5 տոկոսային կետով:

Share