Տնտեսական

Վրաստանը մինչեւ 3,5 միլիոն դոլար է վաստակել խնձորի արտահանումից

2021 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ փետրվարի 20-ը Վրաստանից արտահանվել է 3,4 միլիոն դոլար գումարի 5308 տոննա խնձոր: Այդ մասին ասվում է երկրի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ: Հաշվետու ժամանակաշրջանում արտահանումը գրեթե ամբողջությամբ բաժին է ընկել Ռուսաստանին (5282 տոննա), Ուկրաինա են արտահանել 30 տոննա, իսկ 6 տոննա՝ Հայաստան:

Խնձորի արտադրությունն ու արտահանումը ավելացնելու նպատակով Վրաստանում իրականացվում է «Տնկիր ապագա» նոր այգիների հիմնադրման ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում խնձորենու այգիներ են տնկվել 1128 հեկտարի տարածության վրա: Մրգերի արտահանումը դյուրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստվում եւ տրվում են «մեկ պատուհանի» սկզբունքով: Գործընթացին ներգրավված են ֆիտոսանիտարական եւ մաքսային ծառայությունները:

Վրաստանի կառավարությունը վերջին երկու տարում ֆերմերներին օգնել Է, որպեսզի ոչ ստանդարտ խնձորների բերքն իրացվի սահմանված գներով: Ֆերմերներից ոչ ստանդարտ խնձորներ գնող ձեռնարկությունների սուբսիդավորման պետական ծրագիրն ավարտվել է դեկտեմբերի 15-ին: Ծրագրի շրջանակներում ձեռնարկությունները վերամշակել են ավելի քան 35 հազար տոննա ոչ ստանդարտ խնձոր, ֆերմերների եկամուտները գերազանցել են 9 միլիոն լարին:

Սուբսիդավորման պետական ծրագրի համաձայն, պետությունը ընկերություններին փոխհատուցել է մեկ կիլոգրամի դիմաց 0,1 լարի, եթե նրանք ոչ ստանդարտ խնձորները ֆերմերներից ընդունել են մեկ կիլոգրամի դիմաց առնվազն 0,22 լարի գնով: Նաեւ՝ որպեսզի ձեռնարկությունները կարողանան անարգել կերպով ընդունել եւ վերամշակել ոչ ստանդարտ խնձորները, շրջանառու միջոցների համալրման համար նրանք կարող են օգտվել արտոնյալ ագրովարկից:

Ոչ ստանդարտ խնձորների բերքի իրացումը խթանելու ծրագիրը թույլ է տալիս ֆերմերներին՝ անորակ խնձորները հանձնել ընդունելի գնով: Միեւնույն ժամանակ դա օգնում է հումքով ապահովել մրգերի վերամշակման ձեռնարկությունները: Կոնցենտրատը, որն ստացվել է ոչ ստանդարտ խնձորների վերամշակումից, հիմնականում արտահանվում է Եվրամիության շուկաներ, հաղորդել է Sputnik-ը:

Share