Տնտեսական

Հայաստանը մասնակցել է Մինսկում կայացած Միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է փետրվարի 21-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած ԵԱՏՄ անդամ պետություններում միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։ 

Միջոցառմանը, որը նախագահում էին Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Պյոտր Պարխոմչիկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության գծով նախարար Արտակ Քամալյանը, մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև ԵԱՏՄ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի շուրջ 50 խոշոր մշակող և արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ։  

Իր ելույթում Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը նորարարական բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացումը հռչակել է որպես առաջնահերթ ուղղություն։ Նա հավելել է, որ Հայաստանում զգալի զարգացում և առաջընթաց են ապրել տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաները։ Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, առկա ներուժի մասին է վկայում հայտնի մի շարք կորպորացիաների (Synopsys, IBM, Mentor Graphics և այլն) գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում։ 

Միջոցառման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում միկրոէլեկտրոնիկայի, այդ թվում՝ միկրոսխեմաների արտադրության ոլորտում համագործակցության զարգացման, ԵԱՏՄ անդամ պետությունների համապատասխան գիտատեխնիկական ընկերությունների և կազմակերպությունների միջև գործնական կապերի հաստատման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կենսագործման հնարավորություններն ու հեռանկարները։

Փետրվարի 21-ին, միջոցառման շրջանակներում, Ռաֆայել Գևորգյանը ճանաչողական շրջայց է կատարել միկոէլեկտրոնիկայի ոլորտում կիրառվող տեխնոլոգիական լուծումների համար մասնագիտացված սարքավորումների մշակմամբ և թողարկմամբ զբաղվող «Պլանար» ԲԲԸ-ում, իսկ փետրվարի 22-ինայցելել է բազմապրոֆիլ նշանակության էլեկտրոնային սարքավորումների, ինտեգրալային միկրոսխեմաների արտադրության գործում մասնագիտացած «Ինտեգրալ» ընկերություն, նաև «Մինսկի ռադիոնյութերի գիտահետազոտական ​​ինստիտուտ» ԲԲԸ, որտեղ ծանոթացել է ձեռնարկություններում արտադրական գործընթացի կազմակերպմանն ու տեխնոլոգիական կարողություններին, թողարկվող արտադրանքի տեսականուն։

Share