Տնտեսական

Սուրեն Պարսյանը՝ ապրիլի 1-ից գազի գնի փոփոխության մասին

Ապրիլի 1-ից թանկանալու է նաև գազը: Այս թեմային է անդրադարձել տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում որոշում կայացրեց, որ 2022 թվականի ապրիլի 1-ից հայ սպառողների համար բնական գազի սակագները թանկանալու են, մասնավորապես՝

բնակչության համար կամ մինչև 10000 խմ սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 1 խմ-ի հաշվով թանկանալու է 4,7 դրամով կամ 3,4 տոկոսով՝ դառնալով 143,7 դրամ,

ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանալու է 9,9 դոլարով կամ 4,4%-ով՝ դառնալով 233,9 դոլար,

գյուղմթերք վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանալու է 9,9 դոլարով կամ 4,4%` դառնալով 233,9 դոլար,

խոշոր կամ ամսական 10000 խմ և ավելի սպառում ունեցող սպառողների համար, (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երը և այլն) բնական գազի սակագինը թանկանալու է 9,9 դոլարով կամ 3,9%-ով՝ դառնալով 265,81 դոլար։

«Միակ լավ լուրը այն է, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը մնացել է նույն 100 դրամը։

Ռուս-ուկրաինական խորացող ճգնաժամի և արևմտյան պատժամիջոցների պայմաններում բնական գազի սակագների բարձրացումը մեծ հարված է հասցնելու մեր տնտեսության մրցունակությանը և էլ ավելի է խորացնելու բնակչության սոցիալական խնդիրները։

Պետք է փաստել, որ հակառակ հրապարակային խոստումների՝ գործող իշխանությունները բարձրացրեցին ջրի, էլեկտրաէներգիայի և արդեն ապրիլի 1-ից նաև բնական գազի սակագները։

Հաշվի առնելով սակագների աճը և համաշխարհային տնտեսական նոր ցնցումները՝ կենտրոնական բանկի և կառավարության տնտեսական կանխատեսումները անհրաժեշտ է վերանայել և նոր համալիր ծրագրեր մշակել, որը թույլ կտա դուրս գալ հնարավորինս քիչ կորուստներով», – կարծում է տնտեսագետը։

Share