Բաժին. Տնտեսական

Վերապատրաստման անվճար դասընթացներ բուհերի դասախոսների  համար

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է ռուսերենի դասավանդման վերապատրաստման դասընթացները Երևանի և ՀՀ բուհերի դասախոսների համար։ 

Վերապատրաստման դասընթացներն անցկացնում են Մոսկվայի Ա․Ս․Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի առաջատար մասնագետները։ Դասընթացը ներառում է լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն: Դասընթացներին մասնակցում են ՀՀ բուհերի  ավելի քան 40 դասախոսներ։ 

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով   կենտրոնը պարբերաբար իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ուսուցիչների և դասախոսների դասավանդման մեթոդիկայի արդիականացմանը:

«Ուրախ ենք, որ Մոսկվայի կառավարությունը նախաձեռնեց այս ծրագիրը բուհերի դասախոսների համար, որի արդյունքում վերջիններս ձեռք կբերեն նոր փորձառություն, գիտելիքներ և դասավանդման նոր մշակույթ: Վստահ եմ, որ դասախոսները ստացած գիտելիքներով նպաստելու են Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման որակի բարձրացմանն ու դրական փոփոխություններ բերելու կրթական ոլորտ: Հատկանշական է, որ ծրագրում ներգրավված է Ա․Ս․Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի  լավագույն պրոֆեսորական կազմը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 

Քննարկումների թեմայում լինելու է ռուսաց լեզվի  դասավանդման ժամանակակից թրենդները, լեզվամտածողության ուժն ու օրթոլոգիան։

Լեզվի և միջազգային կրթության հետազոտությունների կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի դոցենտ Սվետլանա Կամիշովան նշեց, որ վարպետության դասերն անցկացնելու համար Երևան է ժամանել բարձրակարգ մասնագետների աստղաբույլ՝ Վլադիմիր Կարասիկը, Լևոն Սահակյանը, Տատյանա Նեստերովան և այլոք:

«ՀՀ բուհերի դասախոսները չափազանց հետաքրքրված են, շատ ստեղծարար են և հաղորդակցվող: Մասնակիցները շատ  հստակ հարցեր են հնչեցնում, Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումը շատ կարևոր է, անգամ տնտեսական կատեգորիա է դարձել: Դասընթացի մասնակիցները ցանկանում են իմանալ, թե ինչ դասագրքեր կան, ինչ նոր մեթոդներ են հայտնվել և այլն: Մեզ հրավիրել են բուհեր, դպրոցներ: Մեր ինստիտուտի  մասնագետների հետ հաղորդակցվելու պահանջը շատ է ուրախացնում, կանենք հնարավոր ամեն ինչ», – նշեց Սվետլանա Կամիշովան։  

Վերապատրաստման դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն որակավորման բարձրացման վկայականներ։

Share