Բաժին. Տնտեսական

Կկանոնակարգվի դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը

Դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող այդ ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիացենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ՝ առանց յուրաքանչյուր անգամ լիազոր մարմնին դիմելու։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանք արտահանող ընկերությունների համար հաճախակի առաջանում է անհրաժեշտություն արտահանել երրորդ երկիր ոչ մեծ քանակի (մինչև 50 կգ) արտադրանք լաբորատոր անալիզների համար, նպատակահարմար է գտնվել տարանջատել տրամադրվող արտահանման լիցենզիաների գործընթացից այն նպատակով, որ լաբորատոր անալիզների համար փոքր քանակի արտադրանքի արտահանումն իրականացվի առանց լիցենզիայի։ Կարգով լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Մոտ 6 ամիս նախարարությունը հանդես է եկել պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և այլ նմանատիպ արտադրատեսակների արտահանման համար լրացուցիչ տուրք սահմանելու նախաձեռնությամբ: Ներդրվել է լրացուցիչ տուրք, որպեսզի ընդերքի թանկացման որոշ մասը մտնի պետբյուջե և ծախսվի կառավարության ծրագրով և բյուջեով սահմանված կարիքների համար: Նախորդ 6 ամիսների գործողությունը ճշգրտոերն համընկնում է կառավարության կանխատեսումների հետ: Կանխատեսվել էր, որ 6 ամսվա ընթացքում պետբյուջե կմուտքագրվի մոտ 35 մլրդ դրամ, ու հենց այդքան էլ հավաքագրվել է։

Զուգահեռաբար աշխատանք է ընթանում Ռոյալթիի օրենքի փոփոխության վրա, որպեսզի ոչ թե նման միանգամայա որոշումներով այդ գործընթացն արվի, այլ ընդհանուր տրվի այն կարգավորումը, որը առաջիկա տարիներին ավելի արդար և ճիշտ կբաշխի հասույթը ՀՀ քաղաքացիների և ընդերքը շահագործողների միջև:

Share