Բաժին. Տնտեսական

Կառավարություն. Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի 136 աշխատատեղ

Կառավարությունը բավարարել է «Բիո բերրի» ՍՊԸ-ի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ հայտը: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է հիմնել 14,080 մետր մակերեսով հատապտղային ջերմոց։ Վերջինիս մրցակցային հիմնական առավելությունը ջերմատան հագեցվածությունն է ամենաարդիական ոռոգման, տաքացման և սառեցման համակարգերով։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 780 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 741.8 մլն դրամի կապիտալ ներդրում և 31.4 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է տեղծել 25 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 633.2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 32.6 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Ոսկե պինգվին» ՍՊԸ-ն: Ընկերությունը հումքը նախատեսվում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը 1997 թվականից զբաղվում է պաղպաղակի արտադրությամբ, ինչը կրում է սեզոնային բնույթ։ Ներկայումս նախատեսվում է արտադրել նաև կարագ՝ ՌԴ արտահանելու նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 9.9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 9.9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.5 մլրդ դրամ:

Բավարարվել է նաև «Միմո» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում։ Ընկերությունը պլանավորում է ներդնել էկոլոգիապես անվնաս տրանսպորտային միջոցների վարձակալության ծառայություն (էլեկտրական հեծանիվների, մոպեդների, ինքնագլորների և դրանց մարտկոցների ու պահեստամասերի ներմուծում)։ Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ էլեկտրական հեծանիվների, մոպեդների, ինքնագլորների և դրանց մարտկոցների ու պահեստամասերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 26 նոր աշխատատեղ` մինչև 150,000-300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 2.6 մլրդ դրամ։ Մաքսատուրքից ազատման ատոնությունը գնահատվում է 360 մլն դրամ։

Կառավարությունը թույլատրել է «Ֆանֆրութ» ՍՊԸ-ին օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսվում է 15 հա տարածքում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։ Վերջինիս մրցակցային հիմնական առավելությունը ջերմատան հագեցվածությունն է ամենաարդիական ոռոգման, տաքացման և սառեցման համակարգերով։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում դեռևս չկան նմանատիպ մակերեսով և տեսակներով տանձի ինտենսիվ այգիներ։ Արտադրությունն իրականացվելու է Արագածոտնի մարզում։ Արդեն իսկ իրականացվել է 169 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.6 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 55 հիմնական նոր աշխատատեղ` 200,000-260,000 դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 117.4 մլն դրամ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը զրկվել է զուգագուլպաների արտադրության համար նախկինում տրամադրված մաքսային արտոնությունից։ Ըստ հիմնավորման՝ ընկերությունը ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, և ավարտի ժամկետը հայտնի չէ:

Share