Բաժին. Տնտեսական

Ֆերմերները մատչելի գներով պարարտանյութ կարող են ձեռք բերել միայն նախարարության ներկայացրած մատակարարներից

Գործադիրը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Որոշման ընդունումը պայմանավորված է գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական) ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ընթացքում պարարտանյութերի կիրառման բացակայությունը կհանգեցնի բերքատվության նվազման, տարեցտարի կնկատվի հողերի աղքատացում և բերրիության անկում: Հայաստան ազոտական պարարտանյութը ներկրվում է հիմնականում երեք երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրան և Վրաստան։ Ծրագիրը հողօգտագործողների համար կստեղծի գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորություն: Ծրագիրը կիրականացվի 2022 թ. բոլոր մարզերում։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։ Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր ձեռք են բերելու միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը: Ծրագրի շրջանակում ընտրանքային մոնիթորինգ կիրականացվի համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից սահմանված կարգով։ Ընտրանքային մոնիթորինգ իրականացվում է նաև մարզպետարանների կողմից՝ նախարարության հետ համաձայնեցված կարգով։

Տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ՝ 2.5-3 անգամ գնաճ է գրանցվել: Փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում և որոշվել է հանդես գալ նրանց աջակցելու ծրագրով: Կոչ է արվել հնարավորինս շատ հողեր մշակել, քանի որ ակնկալվում է պարենային անվտանգության մարտահրավեր, մյուս կողմից սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ:

Share