Բաժին. Տնտեսական

Կսահմանափակվեն ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման հարթակներին քաղաքացիների հասանելիության եղանակները

Գործադիրը առաջարկություններ է ներկայացրել նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ «Շահումով խաղերի, ինտերնետ խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարությունտ տվել է դրական եզրակացություն՝ ներկայացնելով մի շարք առաջարկություններ: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է համարվում նախատեսել, որ «խաղերի խաղացողը խաղին մասնակցության համար կարող է օգտվել միայն իր բանկային հաշիվներից՝ բացառելով այլ վճարահաշվարկային համակարգերից օգտվելու հնարավորությունը», այսինքն՝ թույլատրել միայն բանկային հաշիվներով խաղադրույքների կատարումը՝ արգելելով անգամ էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը, և միակ բացառությունը կարող է սահմանվել խաղատան խաղադրույքների համար, այն էլ ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է «անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)» հասկացությունը, ուստի առաջարկվում է օրինագծերից հանել հիշյալ հասկացությանը վերաբերող դրույթները: Կառավարության առաջարկությամբ նախագծերի կարգավորումներն անհրաժեշտ է խմբագրել՝ միաժամանակ հիմնավորումը համապատասխանեցնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների բովանդակությանը:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, պատգամավորների օրենսդրական այս նախաձեռնությունը նախատեսում է սահմանել կարգավորումներ, որոնք նպատակ ունեն սահմանափակել ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման հարթակներին քաղաքացիների հասանելիության եղանակները և նվազեցնել սոցիալական առումով հասարակության զգայուն հատվածի խոցելիությունը: «Այսօր շահումով խաղերի հարթակներին անսահմանափակ հասանելիություն ունեն նաև մեր հասարակության սոցիալապես խոցելի որոշ խմբեր, որոնք, խաղային միջավայրում կարծեցյալ հնարավորություններ փնտրելով, շատ հաճախ կորցնում են իրենց սահմանափակ ֆինանսական միջոցները և ավելի խորացնում սոցիալական դժվարությունները: Դրա մասին են վկայում խաղային հարթակներում մասնակցիների թվի ավելացումը, որը որոշ տվյալներով վերջին տարիներին ավելացել է ավելի քան 2 անգամ: Դրան նպաստում են նաև խաղադրույքներ կատարելու այն եղանակները, որոնք այսօր առկա են: Մասնավորապես խաղադրուքներ կարող են կատարել խաղերի կազմակերպիչների գրասենյակներում կանխիկ եղանակով կամ վճարային տերմինալների միջոցով»,– ասել է ֆինանսների նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ առաջարկվում է օրենքն ընդունելուց անմիջապես հետո սահմանափակել կանխիկ եղանակով և վճարային տերմինալների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը, իսկ 6 ամիս հետո նաև էլեկտրոնային դրամապանակաների միջոցով լիցքավորումը. «Եվ, ըստ էության, պահանջվում է, որ դրանից հետո օգտահաշիվների դրամային համալրումը տեղի ունենա բացառապես անկախիկ եղանակով՝ բանկային հաշիվներից»:

Share