Բաժին. Տնտեսական

Կփոխհատուցվեն լաստանավով բեռնափոխադրումների տեղափոխման ծախսերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լաստանավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։ Նախատեսվում է փոխհատուցել լաստանավով տեղափոխման ծախսերն ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։ Հիմնավորման համաձայն, լաստանավը կարող է Փոթի-Կովկաս նավահանգիստ տեղափոխել յուրաքանչյուր ուղղությամբ 50 մեքենա, և երկու ուղղությամբ տեղափոխման արժեքը կազմում է 100-120 հազ. ԱՄՆ դոլար, հետևաբար մեկ բեռնատար (20 տոննա տարողությամբ) մեքենայի մեկ ուղղությամբ ծախսը կազմում է 1000-1200 ԱՄՆ դոլար, իսկ երկաթգծային վագոնով տեղափոխման դեպքում, քանի որ լաստանավը կարող է տեղափոխել 40 վագոն, ծախսը կկազմի 1200-1500 ԱՄՆ դոլար։ Հարկ է նշել, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 20-50 տոկոս զեղչերի կիրառման հնարավորության վերաբերյալ, ինչը կարող է խթան հանդիսանալ նաև բեռների երկաթուղային ճանապարհով փոխադրման համար։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։

Share