Տնտեսական

Ռուսաստանում նվազել են պահանջարկ ունեցող ապրանքների գները

Ռուսաստանցիների շրջանում պահանջարկ վայելող ապրանքների գները նվազում են ռուբլու փոխարժեքի ամրապնդումից հետո. գրասենյակային թուղթն Էժանանում է 30 տոկոսով, կանանց հիգիենայի պարագաները՝ 15 տոկոսով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Wildberries մարկետփլեյսի մամուլի ծառայությունում: «Wildberries-ի վաճառողներն առանձին մանկական խառնուրդների եւ հիգիենիկ միջադիրների գները նվազեցրել են 13 տոկոսով, տակաշորերինը՝ 17 տոկոսով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, սկսել են Էժանանալ նաեւ կենցաղային տեխնիկայի տեսակակազմի ապրանքները: Ընկերության տվյալների համաձայն, նվազել են նաեւ առանձին մոդելների նոութբուքերի գները (30 տոկոսով), մոնիթորները (40 տոկոսով): Էժանացել են նաեւ սմարթֆոնները (20 տոկոսով), այդ թվում նաեւ iPhone 13-ը: «Վաճառողները 30 տոկոսով նվազեցրել են նաեւ առանձին մոդելների հեռուստացույցների գները»,-նշում է մարկետփլեյսը:

Wildberries-ը մարտի 29-ից գործարկել է այն վաճառողների համար խրախուսման ծրագիր, որոնք նվազեցնում են իրենց ապրանքների գները կամ դրանք թողնում են փետրվարի մակարդակին: Այսպես, մարկետփլեյսը նրանց համար իր միջնորդավարձը նվազեցնում է 3-5 տոկոսով՝ կախված վաճառքների տիպից:

Ուկրաինայում հատուկ գործողությունն սկսվելուց եւ ռուսական շուկայում հասանելի ապրանքների քանակի կրճատման մասին Procter&Gamble ընկերության (Pampers, Always, Tampax, Naturella, Discreet բրենդների սեփականատերն Է) հայտարարությունից հետո մարկետփլեյսներում գրանցվել Էր կանանց հիգիենայի պարագաների եւ մանկական տակաշորերի գների աճ, իսկ ռուսաստանցիները սոցցանցերում գանգատվել են խանութներում այդ ապրանքների հետ կապված դատարկ դարակներից: Բացի այդ, սոցցանցերում բողոքներ են հայտնվել խանութներում գրասենյակային թղթի գների կտրուկ աճի (+300 տոկոս) հետ կապված:

Share