Տնտեսական

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 6-ին հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ընդգծվել է, որ  հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքներին: Կողմերն ընդգծել են դրանց կարևորությունը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները և գոհունակություն հայտնել ծրագրի ընթացիկ աշխատանքներից: 

  Նշենք, որ  2018թ-ի մարտին Ֆրանսիական զարգացման գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքվել է 500,000 եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր՝ ի աջակցություն հարկային բարեփոխումներին: 2019 թվականի հուլիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության միջև կնքված պայմանագրով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին, որի նպատակն է օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը՝ 2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում: 

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: 

Share