Բաժին. Տնտեսական

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «Բեն 10», «Գևմիկ» և «Փիրալյան» ՍՊ ընկերությունները:

«Բեն 10» ընկերությունը ներմուծվող սերուցքից նախատեսվում է պատրաստել 82․5% ճարպի պարունակությամբ սերուցքային կարագ։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 150-200 մլն դրամի կապիտալ ներդրում և 600-700 մլն դրամ՝ հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ` մինչև 170,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքը ամբողջությամբ նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.4 մլրդ դրամ:

«Գևմիկ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով ՀՀ Արագածոտնի մարզում կկառուցվի 2 հա ընդհանուր մակերեսով գերժամանակակից ջերմոցային համալիր, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան ծաղկի շուկայում։ Ջերմոցային համալիրում նախատեսվում է աճեցնել տարբեր տեսակի, բարձր բերքատվություն ապահովող վարդեր և դրա հիմնական մասը՝ 90 տոկոսը, վաճառվելու է ռուսաստանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 10 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։ 1999 թ. հիմնադրված ընկերությունը նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2022թ. հունվարից: Արդեն իսկ իրականացվել է 60 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում՝ ապրանքների ձեռքբերման համար և 540 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` մինչև 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 70 մլն դրամ:

«Փիրալյան» ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է Roberto Piraloff ապրանքային նշանով կոշիկի արտադրության համար (ք․ Երևան)։ Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 5 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` մինչև 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 130 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Share