Բաժին. Տնտեսական

Քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև համատեղ գործունեության առաջնահերթ ուղղությունները։

2021 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 12,7%-ով և կազմել 2,5 մլրդ դոլար։ Ռուսական արդյունաբերական արտադրանքի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 14%-ով, իսկ հայկական ապրանքների ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ ավելանալով 10%-ով։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև  ընթացիկ տարվա հունվար-փետրվարին գրանցված առևտրաշրջանառության ծավալների էական աճի փաստը և անհանգստություն է հայտնվել մարտին  ցուցանիշների նկատելի նվազման առիթով՝ առաջարկվել աշխատանքներ իրականացնել հրատապ վերացնելու նվազման պատճառները  և վերականգնելու աճը։

Զրուցակիցներն առանձին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող մի շարք համատեղ ծրագրերին։ Դենիս Մանտուրովը կարևորել է համագործակցության զարգացումը հանքարդյունաբերության, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության և գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտներում։

Share