Տնտեսական

Բրազիլիան ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտություն է տեսնում՝ կրակի դադարեցումից անմիջապես հետո

Բրազիլիայի էկոնոմիկայի նախարար Պաուլո Գեդեսը Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առցանց համաժողովում կոչ է արել չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ հրադադարի դիմաց։

«Եթե ինձ հարցնեիք, ես կպատասխանեի՝ անհրաժեշտ է անհապաղ զինադադար, իսկ դրանից հետո՝ պատժամիջոցների անհապաղ վերացում»,- ասել է Գեդեսը՝ դժգոհություն առաջացնելով ԱՄՆ ներկայացուցչի մոտ։ Հարցին, թե արդյոք Բրազիլիան պատրաստ է աջակցել Մոսկվային Արժույթի միջազգային հիմնադրամից և Համաշխարհային բանկից հեռացնելու Վաշինգտոնի առաջարկին, ինչպես ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարի կողմից իրեն ուղղված նամակում, Գեդեսը բացասական պատասխան է տվել։

«Նախ, մենք դեմ ենք բուն պատերազմին, և արդյունքում՝ դեմ ենք պատերազմի տնտեսական հետևանքներին, իսկ պատժամիջոցները տնտեսական պատերազմի գործիք են», – բացատրել է նա։

Բացի այդ, բրազիլացի պաշտոնյան հիշեցրել է, որ անհնար է Ռուսաստանի Դաշնությանը հեռացնել միջազգային ֆինանսական հաստատությունների գործունեությունից, քանի որ դա հակասում է դրանց կանոնադրությանը։

Հարցին, թե Բրազիլիան կօգնի Մոսկվային շրջանցել պատժամիջոցները, նախարարը խուսափողական պատասխան է տվել, հիշեցնելով, որ Ռուսաստանը կարևոր գործընկեր է բրազիլական ագրոբիզնեսի համար, ինչպես նաև BRICS անդամ է, որում ներառված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան:

«Մենք չպետք է քանդենք կամուրջները, այլ գործենք համոզելու ուժով»,- ամփոփել է Գեդեսը։

Share