Տնտեսական

Ռուսաստանից Ճապոնիա ապրանքների ներմուծումն ավելացել է 68.5%-ով

Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 ֆինանսական տարում, որն ավարտվել է 2022 թվականի մարտի 31-ին, զգալիորեն ավելացել է մեկ տարի առաջվա ցուցանիշի համեմատությամբ: Մասնավորապես, ճապոնական ապրանքների արտահանումը ՌԴ ավելացել է 37,4 տոկոսով, իսկ Ռուսաստանից ներմուծումն աճել է 68,5 տոկոսով: Այդ մասին վկայում են Ճապոնիայի ֆինանսների նախարարության տվյալները:

Այսպես, Ճապոնիայից Ռուսաստան արտահանման ծավալը 2021 թվականի ապրիլից մինչեւ 2022 թվականի մարտ ամիսը ներառյալ կազմել է 872,69 միլիարդ իեն (6,75 միլիարդ դոլար), իսկ ներմուծման ծավալը՝ 1,83 տրիլիոն իեն (14,15 միլիարդ դոլար): 2021 ֆինանսական տարում Ռուսաստանից ներմուծված ապրանքների թվում արձանագրվել է հանքային վառելանյութի (86,2 տոկոսով), հումքի (78,9 տոկոսով), պարենամթերքի (59,7 տոկոսով) ծավալների առավել մեծ աճ:

Բացի այդ, անցած ֆինանսական տարում զգալիորեն աճել է տարբեր մեքենայական սարքավորումների ներմուծման ծավալը: 2021 ֆինանսական տարում արտահանման ավելացում է դիտվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ քիմիկատները (աճը 29,2 տոկոսով), ընդհանուր նշանակության մեքենայական սարքավորումը (աճը՝ 48 տոկոսով) եւ տրանսպորտային սարքավորումը, ներառյալ ավտոմեքենաները եւ պահեստամասերը (աճը՝ 41,3 տոկոսով): Դրա հետ մեկտեղ, անցած ֆինանսական տարում Ճապոնիայից Ռուսաստան պարենամթերքի արտահանումն ընկել է 33,3 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share