Բաժին. Տնտեսական

CNN. ԱՄՆ-ի տնտեսությունն ապրում է տասնամյակի ընթացքում իր վատթարագույն ժամանակները

Միացյալ Նահանգների տնտեսությունը գտնվում է տասը տարվա ընթացքում վատթարագույն վիճակում, վկայում է CNN հեռուստաալիքի պատվերով SSRS ծառայության կողմից կատարված հարցումը, որը հրապարակվել է մայիսի 4-ն:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ամերիկացիների սոսկ 23 տոկոսն է դրականորեն գնահատում երկրի տնտեսական պայմանները: Վերջին անգամ երկրի տնտեսական իրավիճակից բավարարվածության այդքան ցածր մակարդակ եղել է 2012 թվականին. այն ժամանակ հարցման մասնակիցների սոսկ 18 տոկոսն է գոհ եղել ԱՄՆ-ի տնտեսության վիճակից: Դրա հետ մեկտեղ տակավին 2021 թվականի դեկտեմբերին երկրի տնտեսական պայմանները դրականորեն է գնահատել ամերիկացիների 37 տոկոսը:

Հարցվածների ավելի քան կեսը (55 տոկոս) կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը վատթարացրել է տնտեսական դրությունը, այդ ոլորտում ամերիկյան իշխանությունների գործողություններից դժգոհների թիվը 10 տոկոսով ավելացել է անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ: Հարցումը կատարվել է ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակամիջոցում, դրան մասնակցել է ԱՄՆ-ի 1 007 չափահաս բնակիչ:

Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ապրիլին հրապարակված զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում գնաճը հասել է 40-ամյա առավելագույնին: ԱՄՆ-ի առեւտրի նախարրաության տվյալներով՝ առաջին եռամսյակում երկրի համախառն ներքին արդյունքը տարեկան հաշվարկով նվազել է 1,4 տոկոսով, Դաշնային պահուստայն համակարգի (կենտրոնական բանկ) ղեկավար Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում բարձր գնաճը չի հանգեցնի ռեցեսիայի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share