Տնտեսական

Ուկրաինայում պատերազմի պայմաններում Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան քննարկում են պարենային անվտանգության ապահովման եւ ագրոպարենային համակարգերի փոխակերպման ուղիները

Երեկ՝ մայիսի 11-ին մեկնարկած ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովին (ERC33) տեղի ունեցավ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների նախարարների եւ այլ բարձր մակարդակի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակն էր քննարկել ոչ միայն համաշխարհային ագրոպարենային համակարգերի ու պարենային անվտանգության վրա Ուկրաինայում ընթացող պատերազմի հետեւանքները, այլեւ ագրոպարենային համակարգերի փոխակերպմանն ուղղված ջանքերի կրկնապատկման ուղիները, որոնք կարող են ներառական եւ բնապահպանական առումով բարենպաստ զարգացում, ինչպես նաեւ ավելի լավ սնուցում ապահովել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ այլուր։  

«Սա առանցքային պահ է, երբ կարող ենք համարժեք գործողություններ քննարկել եւ փորձով հիմնավորված լուծումներ փոխանակել՝ տարածաշրջանի երկրներում քաղաքականություն սահմանողներին օգնելով դիմագրավել այս մարտահրավերներին», – Տարածաշրջանային համաժողովի երեսուներեքերորդ նստաշրջանի բացման իր խոսքում նշեց ՊԳԿ գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն։ 

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը ներառում է 53 բարձր եւ միջին եկամուտ ունեցող երկիր, որտեղ ապրում է ավելի քան 900 միլիոն մարդ։ Գլխավոր տնօրենը ընդգծեց, որ տարածաշրջանը՝ որպես աշխարհի պարենային զամբյուղ եւ ագրոպարենային արտադրության որակական եւ քանակական գլոբալ առաջատար, ներկայում «բարենպաստ դիրքում է», նույնիսկ այժմ, երբ տարածաշրջանում սովի համեմատաբար ցածր մակարդակը  սկսել է բարձրանալ։

Տարածաշրջանն «առանցքային դեր ունի համաշխարհային պարենային անվտանգության համար» եւ «ամբողջ աշխարհի համար նոր գաղափարների ու ներշնչանքի կարեւոր աղբյուր է», – իր բացման ելույթում ասաց Լեհաստանի փոխվարչապետ եւ Գյուղատնտեսության ու գյուղի զարգացման նախարար Հենրիկ Կովալչուկը։ 

Մասնակիցների քվեարկությամբ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնյու Ռաուն ընտրվեց Տարածաշրջանային համաժողովի նախագահ։ 

Տարածաշրջանի ՊԳԿ անդամների ուշադրության կիզակետում Ուկրաինայի իրավիճակն էր եւ նիստերից մեկը նվիրված էր գյուղատնտեսության, այդ թվում սննդամթերքի եւ պարարտանյութերի գներին, որոնք որոշ ապրանքատեսակների ու ներդրանքի դժվարացած հասանելիության հետեւանքով աճ են գրանցում։ 

«Խաղաղությունը կենսական նշանակություն ունի մարդկանց սովից պաշտպանելու գործում», – ասաց Քյուն` ավելացնելով, որ ՊԳԿ-ն ուշադիր մշտադիտարկել է պատերազմի հետեւանքները եւ հանձն առել իր անդամների համար մշակել ընթացիկ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ վերլուծություն ու քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ։

Մարդկային տառապանքի եւ արժեքային ու մատակարարման խաթարված շղթաների արդյունքում, անշուշտ, ամենաշատն Ուկրաինան է տուժում, ինչպես նաեւ ցածր եկամուտ ունեցող, սննդամթերք ներմուծող երկրները, որոնք սննդամթերքի, կերի, վառելանյութի եւ պարարտանյութերի մատակարարումների համար կախված են Ռուսաստանի Դաշնությունից եւ Ուկրաինայից, ինչպես նաեւ բոլոր այն սպառողներն ամենուր, ովքեր տուժում են սննդամթերքի ռեկորդային բարձր գներից, նկատեց ՊԳԿ գլխավոր տնօրենը։ 

Նա ՊԳԿ անդամ պետություններին հորդորեց այս Տարածաշրջանային համաժողովն օգտագործել որպես «հետագա ավելի մեծ ճգնաժամի կանխարգելմանն ուղղված հնարավոր մոտեցումների քննարկման հնարավորություն»։

ՊԳԿ ուկրաինական թիմը Ուկրաինայի համար արագ արձագանքման պլան է պատրաստել, որում նշված է, որ տնային հինգ տնտեսություններից մեկը զրկված է սննդամթերքի տարրական կարիքները հոգալու միջոցներից։ Պլանը նախատեսված է փոքր գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար։

Քյուի խոսքերով, ՊԳԿ-ի 115 միլիոն ԱՄՆ դոլարի պլանի համար նախատեսված ֆինանսական միջոցները դեռեւս չեն ստացվել։

Տեղական մակարդակում գործողություններ՝ հանուն «չորս ավելի լավ» սկզբունքների

ՊԳԿ տարածաշրջանային համաժողովներն անց են կացվում երկու տարին մեկ եւ անդամ պետությունների նպատակների իրագործման նպատակով մարտահրավերների քննարկման ու տարածաշրջանային համախմբվածության խրախուսման հնարավորություն ընձեռում։ Այս տարվա նստաշրջանին մասնակցության համար գրանցվել էր ավելի քան 300 անձ, ներկայացնելով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրները, այդպիսով դառնալով ամենաշատ մասնակից ունեցող տարածաշրջանային համաժողովը։

Ընդգծելով գործողությունների ծրագրերին քաղաքական հանձնառության կարեւորությունը, ՊԳԿ գլխավոր տնօրենը նշեց, որ Կազմակերպությունը պատրաստ է աջակցել տարածաշրջանի անդամ պետությունների սահմանած առանցքային առաջնահերթությունններին՝ փոքր գյուղացիական տնտեսությունների, ընտանեկան ֆերմաների եւ երիտասարդների իրավազորմանը, ագրոպարենային համակարգերի փոխակերպմանը, բնական պաշարների կենսակայուն կառավարմանն ու կենսաբազմազանության պահպանմանը, այդ թվում պատերազմին ու COVID-19 ճգնաժամին  արձագանքմանը։

Այս նպատակները տեղ են գտել ՊԳԿ 2022-2031 թթ. ռազմավարական շրջանակում եւ արտահայտվել «չորս ավելի լավ» ձգտումների ձեւով՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր, ավելի լավ կյանք բոլորի համար, որտեղ ոչ ոք անտեսված չէ։ 

Գլխավոր նպատակն ուշադրության սլաքը բուն սննդամթերքից եւ արտադրությունից ագրոպարենային համակարգերի մոտեցման վրա բեւեռելն է, որը ներառում է սնուցումը, առողջությունը, սոցիալական եւ բնապահպանական արժեքները։ Չնայած, որ թերսնուցման մակարդակը ցածր է եւ կենդանական ծագման բարձր կալորիականությամբ սննդամթերքի հասանելիությունը օպտիմալից բարձր է, տարածաշրջանում մտահոգիչ է սնուցման կատարողականը, ներառելով գիրության եւ ավելորդ քաշի, երկաթի անբավարարության եւ կյանքի առաջին վեց ամսում նորածիններին բացառապես կրծքով կերակրման միջինից ցածր մակարդակի խնդիրները։ 

Քաղաքների եւ գյուղական շրջանների միջեւ անհավասարության (նաեւ գենդերային եւ տնտեսական առումներով) նվազեցման ջանքերը չափազանց կարեւոր են եւ պահանջում են ավելի մեծ ու բազմազան հնարավորություններ ստեղծել գյուղական բնակավայրերում, ասել է Քյուն:

Ներկայում տարածաշրջանի 11 երկրների տնային տնտեսություններն իրենց եկամտի 60 տոկոսը ծախսում են սննդամթերքի, էլեկտրաէներգիայի, բնակարանի եւ ջրի համար։

Գլխավոր տնօրենն առանձնացրեց այն փաստը, որ այս շաբաթ ՊԳԿ-ն կգործարկի Կանաչ գյուղատնտեսության տարածաշրձանային տեխնիկական հարթակը, որը տեղեկությունների փոխանակման թվային, բաց եւ օգտագործողի համար դյուրին միջոց է։ Նա նաեւ ասաց, որ տարածաշրջանի երեք երկիր արդեն միացել է ՊԳԿ «Մեկ երկիր՝ մեկ գերակա արտադրանք» նախաձեռնությանը, եւս մեկ երկիր օգտագործում է ՊԳԿ «Ձեռք-ձեռքի» նախաձեռնության տվյալների վրա հիմնված ներդրումների աջակցման համակարգը։

Share