Բաժին. Տնտեսական

Ճանապարհային դեպարտամենտ. Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անվանումը կրող նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից։

Ավարտվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնապատման, թունելային անցումների բետոնապատման աշխատանքները: Կամուրջների՝ 50 նախալարված ամրաններով հեծանները տեղադրված են, ընթացքի մեջ են մակերեսի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։ Երկու կամուրջների մակերեսներն ավարտական փուլում են։ Ծրագրի ավարտին մնացել են իրականացնել արգելափակոցների տեղադրման, մայթերի կառուցման, կամուրջների և մոտեցող ճանապարհների ասֆալտապատման ու գծանշման աշխատանքները։

«Բարեկամություն» անվանումը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։ Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Share