Տնտեսական

Վրաստանի եկամուտներն զբոսաշրջությունից աճում են

Միջազգային ճանապարհորդներից Վրաստանի եկամուտները հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 582 միլիոն դոլար: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին: Կորոնավիրուսի համավարակը հսկայական վնաս է հասցրել երկրի տուրիստական ինդուստրիային: Զբոսաշրջությունն սկսել է վերածնվել արդեն 2021 թվականին: Փետրվարի 1-ից բացվել են երկրի օդային սահմանները, իսկ հունիսի 1-ից՝ ցամաքային սահմանները:

«2022 թվականին մենք պլանավորել ենք զբոսաշրջությունից եկամուտները վերականգնել 70 տոկոսով: Այսօրվա տվյալներով՝ զբոսաշրջությունը վերականգնվել է մոտավորապես 69 տոկոսով: Սա հունվար-ապրիլ ամիսների տվյալներով Է: Մենք արդեն ստացել ենք մոտավորապես 582 միլիոն դոլարի եկամուտ»,-Դավիթաշվիլին հայտարարել է լրագրողներին: Նախարարը կարեւոր է համարել այն փաստը, որ ճյուղը նոր ձեւով է կազմավորվում: Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում աճում է երկարաժամկետ այցերի թիվը:

«Համապատասխանաբար, եկամուտներն ավելի լավ են վերականգնվում: Սա շատ կարեւոր գործոն է այն բանի համար, որպեսզի մեր պլանավորած տնտեսական ցուցանիշները կատարվեն մինչեւ տարեվերջ»,-նշել է նա: Նաեւ Դավիթաշվիլին նշել է ուղեւորահոսքի՝ 2019 թվականի մակարդակի նկատմամբ 52 տոկոսով վերականգնումը: Նրա խոսքով՝ Վրաստանն ունի իր ձգողականությունը եւ հետաքրքրականությունը զբոսաշրջիկների կողմից: Նախարարի տեղեկատվությամբ, մայիսին պլանավորվում է մինչեւ 400 թռիչք՝ տարբեր ուղղություններով:

«Այս շաբաթ մենք շատ կարեւոր եւ հետաքրքիր նորություններ կունենանք զբոսաշրջության ուղղությամբ»,-ասել է Դավիթաշվիլին: Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ Վրաստանում միջազգային ճանապարհորդների այցելությունների թիվը 2022 թվականի հունվար-ապրիլին 272,3 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Տարեսկզբից Վրաստանը չորս ամսվա ընթացքում ընդունել է 820,8 հազար միջազգային այցելուների, ինչը 63,8 տոկոսով պակաս Է, քան համավարակից առաջ 2019 թվականին, հաղորդել է Sputnik-ը:

 

Share