Տնտեսական

Իրանը պլանավորում է ռուսաստանյան պողպատը փոխանակել ավտոպահեստամասերով

Իրանը եւ Ռուսաստանը կարող են իրականացնել ապրանքափոխանակային առեւտուր, որը Թեհրանին թույլ կտա պողպատ ներմուծել, իսկ Մոսկվային՝ ավտոպահեստամասեր եւ գազատուրբիններ:

Այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի արդյունաբերության, հանքավայրերի եւ առեւտրի նախարար Ռըզա Ֆաթեմի Ամինին: Ինչպես նշվում է, առեւտրատնտեսական համագործակցության հարցերի մշտական երկկողմ հանձնաժողովի հանդիպման շրջանակներում նախարարը համյտարարել է, որ երկու պետությունները համաձայնել են ապրանքափոխանակային առեւտուր իրականացնել ապրանքների առանձին կատեգորիաների, այդ թվում՝ ռուսաստանյան պողպատի համար:

Նրա խոսքով՝ Իրանը կարիք ունի հումք ներմուծել մետալուրգիական եւ հանքարդյունահանող հատվածների համար: Ֆաթեմի Ամինն ընդգծել է, որ Թեհրանը նաեւ ցինկի, արճիճի, ալյումինի կարիք ունի ներքին պահանջարկի բավարարման համար: Նախարարը հավելել է, որ իր երկիրը ռուսաստանյան մետալուրգիական արտադրանքի փոխարեն կարող է արտահանել պահեստամասեր՝ ավտոմեքենաների համար եւ գազատուրբիններ: Իրանական մի քանի ընկերություններ արդեն ստորագրել են Ռուսաստանի էլեկտրակայանների համար գազատուրբինների մատակարարման եւ վերանորոգման պարտավորագրերը, եզրափակել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share