Տնտեսական

Պարենը և գյուղատնտեսությունն ԱՄԷ-ում ներդրողների ուշադրության կենտրոնում է

Արաբական Միացյալ Էմիրություններն իր ռազմավարական ծրագրերով պատրաստվում է ապագային։

Ըստ հաղորդագրության՝ կայուն և դիվերսիֆիկացված տնտեսության և մրցունակ գիտելիքի տնտեսության զարգացման և երկրի երկարաժամկետ բարգավաճումը երաշխավորելու համար ԱՄԷ-ն կենտրոնացած է մի շարք առաջնահերթ ոլորտներում ներդրումների գործընթացը դյուրացնելու վրա։

Նախկինում ԱՄԷ-ում պարենը և գյուղատնտեսությունը չեն եղել ներդրողների հետաքրքրության կենտրոնում: Սակայն 2018 թվականին ԱՄԷ-ի դաշնային նոր  օրենքի ընդունմամբ 100 տոկոս սեփականության իրավունք ընձեռվեց օտարերկրյա ներդրումների համար գյուղատնտեսության ոլորտում, որից հետո  սննդամթերքի արտադրությունն ու վերամշակումը, ինչպես նաև գյուղատնտեսությունն աննախադեպ հետաքրքրություն ստացան ներդրողների շրջանում:

Ունենալով ջրի խնդիր՝ կառավարությունը որոշել է ԱՄԷ-ն վերածել սննդի առևտրի կենտրոն՝ սննդամթերքով ապահով երկիր լինելու համար։

Հիմնական կանոնակարգային փոփոխությունները եղել են 2051 թվականի Պարենային անվտանգության ազգային ռազմավարության հրապարակման շրջանակներում, որը ներդրողներին առաջարկում է երկարաժամկետ կայուն քաղաքականություն, ինչը խրախուսում է ոլորտում երկարաժամկետ ներդրումներ կատարելուն:

Նոր ռազմավարությունը շարունակում է պարզեցնել գյուղատնտեսության լիցենզավորումը և անհրաժեշտ գործընթացները։ Բացի այդ, ներդրումներ ներգրավելու համար ԱՄԷ կառավարությունը, և մասնավորապես Աբու Դաբին, առաջարկում են զգալի խթաններ, այդ թվում՝ 272 միլիոն ԱՄՆ դոլար հետազոտության և զարգացման զեղչերի տեսքով:

Այս նոր կարգավորող շրջանակի և հարակից խթանների շնորհիվ արտադրության, վերամշակման և մատակարարման ոլորտներում ներդրողները կարող են օգտվել ԱՄԷ-ի անխոչընդոտ մուտքից դեպի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շուկաներ։

Նշվում է, որ տարածաշրջանային այս հնարավորություններից օգտվելու համար արդեն իսկ կատարվել են խոշոր ներդրումներ։ Ինչպես օրինակ Բրազիլիայի BRF-ը՝ աշխարհի խոշորագույն պարենային ընկերություններից մեկը, 160 միլիոն դոլար է ներդրել Աբու Դաբիում մսի վերամշակման գործարանում, որն այժմ արտադրում է մի շարք ապրանքներ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Բահրեյնի, Օմանի, Իրաքի, Լիբանանի և Եգիպտոսի շուկաների համար:

Ներդրումային հնարավորություններ կան նաև երկրի ներսում, որոնք պայմանավորված են զբոսաշրջության աճող տեմպերի, մեկ շնչին բաժին ընկնող բարձր եկամուտների և կայուն տնտեսական վերականգնման հետ։ Այս ամենը խթանում են սննդի ոլորտի զարգացմանը: Բացի այդ, փաթեթավորված ապրանքների նախապատվությունները, հալալ և օրգանական սննդի, ինչպես նաև առցանց գնումների աճող պահանջարկը, ամենայն հավանականությամբ, ներդրողներին ընձեռում են նոր հնարավորություններ:

«Իհարկե, բազմաթիվ հնարավորությունների հետ միասին գյուղատնտեսության ոլորտում ներդրումները կարող են բախվել որոշ մարտահրավերների, որոնցից առավել ուշագրավ են ջրի սահմանափակ ռեսուրսներով ծայրահեղ ջերմաստիճաններում սննդամթերքի աճեցման մարտահրավերները: Այս խնդիրը լուծելու համար ներդրողները ձգտում են ներդնել տեխնոլոգիական գյուղատնտեսության նորարարությունները, ինչպես օրինակ ուղղահայաց ֆերմաները, կառավարման միջոցները։ Նորարարական տեխնոլոգիաների ներմուծումը գյուղատնտեսության ոլորտում հնարավորություն է տալիս  առավելագույնի հասցնել արդյունքները»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Share