Տնտեսական

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրը իր շուրջը կհամախմբի ակտիվ ժամանցի սիրահարների ամբողջ աշխարհից

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի նախագծումն ավարտական փուլում է։  Հանգստի գոտու նախագիծը և կոնցեպտը վստահվել է  ոլորտում առաջատար «Էկոսայն» ընկերությանը:

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանի խոսքով՝ նախագծի գլխավոր պլանն արդեն ամբողջությամբ պատրաստ է:  «Մենք արդեն աշխատում ենք կոնկրետ հիմնական մաստերպլանի յուրաքանչյուր հատվածում: Խոսքը վերաբերվում է հյուրանոցային համալիրներին, սրճարաններին, ռեստորաններին, ճոպանուղիներին: Այս պահին ճոպանուղիների նախագծման աշխատանքներն են տեղի ունենում»,-ասաց նա՝ հավելելով, որ «Էկոսայն»-ի հետ աշխատելը շատ փորձ և գիտելիք է տվել:

«Էկոսայն» ընկերության նախագահ Ռայլի Տիսսենը նշեց, որ նախագիծը 20 տարվա է,  որը մշակել են արևմտյան դասական ամերիկյան  համալիրի հետիոտնային գյուղակի կոնցեպտով, բայց այն ունի նաև  եվրոպական համալիրներին բնորոշ առանձնահատկություններ: «Կոնցեպտը ավարտին ենք հասցրել: Այս փուլում հետևում ենք կառուցման ընթացքին: Կասկած չկա, որ բնության գեղեցկությունը և լեռներն ու հարթավայրերը կգրավեն մարդկանց աշխարհի բոլոր անկյուններից»,-ասաց նա:

«Էկոսայն» ընկերության փոխնախագահ Էրիկ Քելենդերն էլ հավելեց, որ իրենք օրեր  շարունակ ճանապարհորդել են ուղղաթիռով և քարտեզագրումներ իրականացրել: «Մեզ հաջողվել է բացահայտել այս լեռնային տարածքը, որն իդեալական է: Այն մոտ է մայրաքաղաքին և ունի յուրահատուկ տեսարան: Այս պահին դիզայնի վերջնական փուլում ենք»,-նշեց Քելենդերը:

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի ներդրումային ծրագիրն իրականացվում է մի քանի փուլով:Առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2023 թվականի  ձմռանը: Այս տարի նախատեսվում է գործարկել ճոպանուղիներից մեկը, հաջորդ տարի՝ ևս երկուսը: Ամբողջական նախագիծը կյանքի կկոչվի մինչև 2035 թվականը:

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի ներառելու է ակտիվություններ տարվա չորս եղանակների համար: Այն իր շուրջը կհամախմբի լեռնադահուկորդների, ակտիվ ժամանցի սիրահարների ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից:

Share