Տնտեսական

Bloomberg. Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել ռուսաստանյան նավթի ներմուծումը

Հնդկաստանը բանակցություններ է վարում ռուսաստանյան նավթի ներմուծումն ավելացնելու շուրջ՝ «Ռոսնեֆտ» ընկերությունից մատակարարումների հաշվին: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել ռուսաստանյան նավթի ներմուծումը: Պետական նավթավերամշակման ընկերությունները ձգտում են ավելի շահավետ մատակարարումներ ստանալ «Ռոսնեֆտ» հանրային բաժնետիրական ընկերությունից, քանի որ միջազգային խաղորդները հրաժարվում են Մոսկվայի հետ համագործակցությունից»,-գրում է գործակալությունը:

Աղբյուրների խոսքով՝ պետական ընկերությունները կոլեկտիվ կերպով աշխատում են ռուսաստանյան նավթի Հնդկաստան մատակարարման նոր վեցամսյա պարտավորագրերի կնքման եւ ապահովման վրա: Բեռները պահանջվում են «Ռոսնեֆտ»-ից մատակարարման պայմաններով, իսկ վաճառողն զբաղվելու է փոխադրման եւ ապահովագրության հարցերով: Նավթի ծավալների եւ գների շուրջ մանրամասները դեռ քննարկվում են, իսկ հնդկական բանկերը մտադիր են լիովին ֆինանսավորել բոլոր մատակարարումները, հաղորդում է Bloomberg-ը:

Պետական նավթավերամշակման ընկերությունների թվում են Indian Oil Corp-ը, Hindustan Petroleum-ը եւ Bharat Petroleum-ը, իսկ մասնավոր վերամշակողներն են Reliance Industries-ը եւ Nayara Energy-ն, որը մասնակիորեն պատկանում են «Ռոսնեֆտ»-ին:

Bloomberg-ի հաշվարկների համաձայն, Հնդկաստանն ավելի քան 40 միլիոն բարել ռուսաստանյան նավթ է գնել փետրվարի վերջից մինչեւ մայիսի սկիզբն ընկած ժամանակաշրջանում, ինչը մոտավորապես 20 տոկոսով գերազանցում է ամբողջ 2021 թվականի մատակարարումների ծավալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share