Տնտեսական

Ջո Բայդեն. ԱՄՆ-ը և Արևմուտքի երկրները մեծացնելու են պարենամթերքի արտադրությունը

ԱՄՆ-ը Արեւմտյան կիսագնդի խոշորագույն երկրների հետ համագործակցությամբ մտադիր է իրականացնել համաշխարհային շուկայի համար պարենամթերքի ու պարարտանյութերի արտադրության մեծացման նախագիծը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, Չիլիի եւ Մեքսիկայի մասնակցությամբ նոր նախաձեռնության մասին նա հայտարարել է Ամերիկաների գագաթնաժողովում, որն անցկացվում է Լոս Անջելեսում:

«Հաջորդ մի քանի օրը մենք եւս մի նոր նախաձեռնություն կներկայացնենք, որը որոշվել է ձեր բազմաթիվ երկրների հետ միասին: Այն ընդգրկում է… ԱՄՆ-ի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, Չիլիի եւ Մեքսիկայի՝ արեւմտյան կիսագնդում պարենի խոշորագույն արտադրողների համագործակցությունը՝ արտահանման համար պարենամթերքի թողարկումն ավելացնելու նպատակով»,-ասել է Բայդենը:

ԱՄՆ-ը նաեւ պլանավորում է Կարիբյան ավազանի երկրների հետ «գործընկերություն կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի գործում» եւ ինչ-որ ավելի ծավալուն տարածաշրջանային նախաձեռնություն՝ «Ամերիկյան գործընկերություն տնտեսական բարգավաճման համար» անվանմամբ:

«Այսօր երեկոյան ես կհայտարարեմ նոր տնտեսական գործընկերության մասին, որը հենվում է այն ողջ աշխատանքի վրա, որը մենք կատարել ենք տարածաշրջանի հետ, եւ որն առաջ կտանի մեր փոխգործակցությունը… Այն կհիմնվի այն բազային արժեքների վրա, որոնցով իմ վարչակազմը ղեկավարվում է մեր վստահ տնտեսական վերականգնման գործում»,-հավելել է Բայդենը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share