Տնտեսական

Իտալիայում հրապարակել են 20 առավել թանկացած սննդամթերքների ցուցակը

Սպառողների ազգային միությունը (Unc) հրապարակել է այն 20 սննդամթերքների վարկանիշը, որոնց գինն Իտալիայում առավելագույն չափով աճել է ընթացիկ տարվա մայիսին:

Այդ ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնում են բոլոր բուսական յուղերը, բացառությամբ ձիթայուղի, որոնք տարեկան հաշվարկով թանկացել են միանգամից ավելի քան 70 տոկոսով: Փորձագետներն այդ ռեկորդային արդյունքը միանշանակ կապում են բուսայուղի ու, նախեւառաջ, Ուկրաինայից արեւածաղկի ձեթի ներմուծման դադարեցման հետ: Վարկանիշի երկրորդ տեղում գտնվում է կարագը, որի գինը 2021 թվականի մայիսի համեմատությամբ աճել է 23,3 տոկոսով, երրորդ տեղն զբաղեցրել է տանձը, որը թանկացել է 22,9 տոկոսով: Ավելի քան մեկ հինգերորդով թանկացած սննդամթերքների խմբի մեջ մտնում են այնպիսի կարեւոր ապրանքներ, ինչպիսիք են լոլիկը (20,6 տոկոս) եւ մակարոնեղենը (20,5 տոկոս):

Հիմնական պարենամթերքի եւս մեկ դյուժին թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Դրանց թվում են՝ ալյուրը (18,7 տոկոս), ընտանի թռչունը (13,8 տոկոս), մարգարինը (12,8 տոկոս), ձուն (12,3 տոկոս): Անցած տարվա ընթացքում Ապենիններում 11 տոկոսով աճել է պաղպաղակի գինը, բրնձինը եւ հացինը թանկացել է գրեթե 10 տոկոսով, նարնջինը՝ 9 տոկոսով: Unc-ի մասնագետներն իրենց վարկանիշը մշակել են Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) վերջին տվյալների հիման վրա, որոնք վկայում են, որ պարենային ապրանքների թանկացումն Իտալիայում շարունակվում է Ուկրաինայի հակամարտության եւ էներգակիրների գների կտրուկ բարձրացման ֆոնին: Ընդհանուր առմամբ, պաշտոնական վիճակագրության համաձայն, գնաճի մակարդակը մայիս ամսին տարեկան հաշվարկով աճել է 6,8 տոկոսով: Նման մեծ աճ երկրում չի գրանցվել 1990 թվականի վերջից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share