Տնտեսական

Իսրայելը վերաբացում է Թուրքիայում իր առևտրատնտեսական ներկայացուցչությունը

Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը հայտարարել է, որ Թուրքիայում Իսրայելի առեւտրատնտեսական ներկայացուցչության աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 1-ից։

Օրնա Բարբիվայը նշել է, որ այս քայլն արտացոլում է Իսրայելի կենտրոնացումը Թուրքիայի հետ տնտեսական կապերի խորացման վրա։

Նա հավելել է, որ մոտ ապագայում նախատեսվում է կազմակերպել թուրք-իսրայելական առաջին համատեղ տնտեսական համաժողովը վերջին տասնամյակում։

Ըստ Իսրայելի էկոնոմիկայի նախարարության՝ Ստամբուլի գրասենյակի վերաբացումը կօժանդակի ներկայումս թուրքական շուկա արտադրանք արտահանող շուրջ 1540 իսրայելական ընկերություններին և կամրապնդի նրանց բիզնես գործունեությունն այս շուկայում։

Թուրքիան Իսրայելի տնտեսության համար չորրորդ կարեւորագույն առեւտրային գործընկերն է։ Իսրայելի և Թուրքիայի միջև գոյություն ունի  ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 1997 թվականի մայիսի 1-ից։

Share